Ովքե՞ր կհայտնվեն թիրախում, ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական. Մամուլը՝ սուրճով

Ովքե՞ր կհայտնվեն թիրախում, ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով):

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին:

Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաեւ ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:

Եվ չի բացառվում, որ հայրենիքի եւ սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում:

Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է:

«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:

Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլեւ բոլոր պատերազմներում, այսքանը»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաշատ համայնքում չարաշահումների գործը կհասնի խոշոր ձկներին: Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են: Սպասենք զարգացումներին՝ տեսնելու, թե ովքեր կհայտնվեն թիրախում: Չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի պաշտոնյաներին ու մարզի պաշտոնյաներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերեւույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։

Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»: