Վահան Քերոբյանին կարելի է «հուշել» Բաքվի նավահանգստի ներուժի մասին

Վահան Քերոբյանին կարելի է «հուշել» Բաքվի նավահանգստի ներուժի մասին

Էկոնոմիկայի նախարարությունը, որպես Լարսի անցակետին այլընտրանք, դիտարկում է երկու տարբերակ՝ լաստանավի ստեղծում Փոթիում կամ Բաթումում: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՔՊ-ի «յուրահատուկ» կադրերից է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայկական տնտեսությունը կործանվում է, «մահամերձ» վիճակում է, իսկ Քերոբյանը ժպտում է, լավատես է կյանքում՝ հավանաբար նրա կյանքում ամեն ինչ հիանալի է, նրա ֆինանսական կարողությունները չեն տուժում: ՀՀ քաղաքացիներն ապրում են աղքատության մեջ՝ գներն ամեն օր աճում են, մարդիկ չեն կարողանում ապրել իրենց չնչին աշխատավարձերով, իսկ Քերոբյանը ցանկանում է լաստանավի «կանգառ» ստեղծել Փոթիում կամ Բաթումիում: Քանի որ Քերոբյանը ներկայացնում է ՔՊ-ականներին և փաշինյանական թիմը, ապա տարօրինակ չէր լինի, եթե նա առաջարկեր ՀՀ-ի համար կենսական նշանակության ապրանքները Հայաստան հասցնել Բաքվի նավահանգստով: ՔՊ-ականների վրա հայ ազգն արդեն վաղուց չի զարմանում:

Քերոբյանին պետք է հուշել, որ հայկական տնտեսությանը տարեկան անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիարդ դոլարի ներդրումներ՝ տնտեսական աղետն ու արտագաղթը դադարեցնելու համար: ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով են արտագաղթում՝ մանր «վիրահատական» միջամտություններով հայկական տնտեսությունը փրկելն անհնար է՝ անհրաժեշտ են հազարավոր նոր աշխատատեղեր՝ հատկապես մարզերոմ և գյուղերում: Ասֆալտապատելով ամեն գյուղ կամ ճանապարհէ ՔՊ-ն չի նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են լավ ասֆալտապատված ճանապարհներով:

Վահրամ Բագրատյան