Ո՞ւմ են ծաղրում․ մեր արբանյակը ոչ մի անվտանգության հարց չի կարող լուծել․ պարզապես պտտվում է ու անորակ լուսանկարներ անում․ Արեգ Միքայելյան

Իրականում, այն արբանյակը, որ բաց են թողել, շատ փոքր, էժանագին արբանյակ է, որի նման շատ արբանյակներ ավելի վաղուց կարող էինք բաց թողնել ու պարզապես գաղափարական ներկայացնել, որ սա մերն է։ Հիմա այս արբանյակը միայն գաղափարական դեր է տանում, որևէ լուրջ հետազոտություն չի կարող անել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը ներկայացրեց մանրամասները՝ նշելով, որ «2022 թվականի մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»:
Հիշատակելով ավելի վաղ տեղի ունեցած գործընթացները՝ Միքայելյանը նշեց՝ 2014 թվականին, երբ ՀՀ-ն միացավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործողների հանձնաժողովին՝ COPUOS-ին՝ կարելի էր ասել, որ մենք առաջին քայլն ենք արել տիեզերական պետություն դառնալու։ «Սա, իհարկե, վերապահումով, բայց դրանից հետո ես՝ ինքնս եմ առաջարկել, որ ստեղծվի հայկական տիեզերական գործակալություն, որպեսզի Հայաստանը արբանյակ արձակի»։
Միքայելյանի խոսքով՝ այսօր որպես ձեռքբերում ներկայացվող արբանյակը կարող էինք 7-8 տարի առաջ էլ ունենալ, քանի որ այն մոտ 5000-10000 դոլար արժե։ «Եթե չեմ սխալվում՝ մեր արբանյակը 20 սմ է, պարզապես թռնում է, պտտվում է Երկրի ուղեծրով, լուսանկարում, ընդ որում՝ լուսանկարների որակն էլ լավը չէ։ Հարցն այն է, որ իսպանական «Սանտլանտիս» ընկերության մասնակցություն է եղել և մյուս կողմից՝ արբանյակը բաց է թողնվել Իլոն Մասկի կողմից»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե եղան կարծիքներ, որ արբանյակը կարող է օգտակար լինել նաև երկրի անվտանգության ապահովման համար՝ վերջինս պատասխանեց՝ այդ տեսակետը լուրջ չէ։ «Ոչ մի անվտանգության հարց այդ արբանյակը չի կարող լուծել, հատկապես, որ դրա կառավարումը մեր ձեռքում չէ, ո՞ւմ են ծաղրում։ Մեր կառավարման կենտրոնը ևս հայտարարել է, որ ուզում է արբանյակներ ստեղծել, եթե հաստատվի, լավ կլինի, այդ ժամանակ նոր կարող ենք խոսել անվտանգություն ապահովող արբանյակներ ունենալու մասին»։
Լիաննա Թորոսյան