Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն․ մանրամասներ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Կիսապաշտպանի տեղափոխմամբ հետաքրքրված է «Ժիրոնան»: Գրել է РБ Спорт-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսպանական ակումբն ակտիվորեն ուսումնասիրում է Սպերցյանի խաղը։ Այս տարվա հունվարին առաջին շփումներն են եղել ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Բացի այդ, RP գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, ցանկանում է իր հաճախորդին տեղավորել իտալական ակումբներից մեկում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Էդուարդ Սպերցյանը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
23-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» և եվրոպական այլ թիմերի հետաքրքրության մասին։
«Ժիրոնան» 29 խաղից հետո 62 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը Լա Լիգայի աղյուսակում․ 2 միավորով զիջում է «Բարսելոնային», 10 միավորով՝ Մադրիդի «Ռեալին»։