«Տոնոյանն ինչո՞վ է տարբերվում»․ ընդդիմությունը հարցեր ունի, բայց հանձնաժողովի նիստին չի մասնակցի

«Տոնոյանն ինչո՞վ է տարբերվում»․ ընդդիմությունը հարցեր ունի, բայց հանձնաժողովի նիստին չի մասնակցի

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում հարցերին պատասխանելու հերթը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանինն է։ 

Տոնոյանի համար, ի սկզբանե, կարևոր էր, որ ընդդիմությունը ևս նիստին մասնակցի, բայց խորհրդարանական ընդդիմությունն անտեսել է նախկին նախարարի խնդրանքն ու չի ներկայացել նիստին։ 

Դավիթ Տոնոյանն ամեն դեպքում հույսը չի կտրում։ «Հույս ունեմ, որ գոնե փակ նիստին կգան։ Կարծում եմ, որ ընդդիմության ներկայությունը կարևոր է, իրենք էլ պետք է ներկա լինեն։ Խոսքս առնվազն Դաշնակցության ու ՀՀԿ-ի մասին է, քանի որ իմ տված ինֆորմացիան իրենց հետագա գործունեության համար կարևոր է։ Հակառակ դեպքում կխնդրեմ, որ այդ ուժերն այլևս իմ հետ կապված որևէ հայտարարություն չանեն»,- քիչ առաջ նիստի ժամանակ ասել էր նա։

MediaHub-ը ընդդիմությունից հետաքրքրվեց, թե ո՞րն է նիստին չմասնակցելու պատճառը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեցին, որ իրենց դիրքորոշումը դեռ նախորդ տարի էին հայտնել։

Մանուկյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի հետ սկզբունքային հարց ունեն։

«Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր պատկերացումն այլ էր, այդ առումով նույնիսկ օրենքի նախագիծ էինք ներկայացրել, որպեսզի հանրության կողմից վստահելի հանձնաժողով լինի, ոչ թե այն, ինչ հիմա կա, որը բաց ու փակ շոուների նմանվող նիստերի է նմանվում։ Ինչ վերաբերվում է Դավիթ Տոնոյանին, ես չեմ հիշում, որ որևէ մեկը Դավիթ Տոնոյանի հետ կապված հատուկ հայտարարություններ հնչեցրած լինի։ Կարծում եմ՝ բնական է, որ ՊՆ  գործունեության մասին բոլորն իրենց դիրքորոշումը կարող են հայտնել»,-ասաց Մանուկյանը։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ գոնե այս ձևաչափով ընդդիմությունը Տոնոյանին  հարցեր չունի, վերջինս պատասխանեց, որ շատ հարցեր ունեն ու բոլորին, որոնց մասին հաճախ են բարձրաձայնում։

«Բայց կրկնում եմ՝ լիարժեք պատասխան ստանալու համար անհրաժեշտ էր լրիվ այլ տիպի քննիչ հանձնաժողով ստեղծել»,-ամփոփեց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցն արդեն հիմնավորվել է և Տոնոյանը չի տարբերվում մյուսներից, եթե որոշում ունեն նիստերին չմասնակցել, ապա ոչինչ չի փոխվել։

«Տոնոյանն ինչո՞վ է տարբերվում, ինչի՞ մենք Տոնոյանի նախասիրություններով ենք շարժվում, մենք նախապես ասել ենք, որ քննիչ հանձնաժողովը չի կարողանալու լուծել իր առաջ հռչակած նպատակները։ Սա իշխանության համար ընդամենը քաղաքական փաթեթավորում է, նախապես նշանակված մեղավորներին այդ խողովակով անցկացնելու և հետագայում Փաշինյանին պաշտպանելու ամուր հիմքեր ստեղծելու, նրա մեղավորությունը այլ անձանց վրա բաշխելու համար»,-շեշտեց Աբրահամյանը։

Լիաննա Թորոսյան