IOS-ում հայտնաբերված սխալը բոլոր VPN ծառայությունները ոչ անվտանգ է դարձնում

IOS-ում հայտնաբերված սխալը բոլոր VPN ծառայությունները ոչ անվտանգ է դարձնում

IOS օպերացիոն համակարգի ներսում սխալ է հայտնաբերվել, որը թույլ չի տալիս որեւէ VPN ծառայության գաղտնագրել փոխանցված տվյալները, ինչը նրանց օգտագործումը դարձնում է ոչ անվտանգ: Այս մասին հայտնում է Apple Insider-ը՝ վկայակոչելով համակարգչային անվտանգության մասնագետ Մայքլ Հորովիցի հետազոտությունը։

Հորովիցը պնդում է, որ սխալի պատճառով iPhone-ի ցանկացած VPN ծառայություն դառնում է ոչ միայն անօգուտ, այլեւ ոչ անվտանգ։ Տեղեկատվական անվտանգության հետազոտողը գրանցել է տվյալների զգալի արտահոսք, երբ iOS-ում VPN է օգտագործվել: Նրա խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես պետք է, քանի որ կողմնակի VPN-ը տալիս է այլ IP հասցե, DNS սերվերներ եւ թրաֆիկի համար թունել, բայց բոլոր սեանսներն ու միացումները, որոնք արվել են մինչեւ VPN-ի միացումը, չեն անցնում գաղտնագրված ալիքին:

Միեւնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ Apple-ը տեղյակ է եղել առկա խնդրի մասին դեռ 2020 թվականին, սակայն մինչ այժմ ոչինչ չի արել այն շտկելու համար։

«Այժմ ես համոզված եմ, որ iOS-ում VPN-ներին պետք չէ վստահել»,- եզրափակել է Հորովիցը: