Ալեն Սիմոնյանը կեղծ տեղեկություն է տարածում, հանրությանը մոլորեցնում․ Արամ Վարդևանյան

Ալեն Սիմոնյանը կեղծ տեղեկություն է տարածում, հանրությանը մոլորեցնում․ Արամ Վարդևանյան

«Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տարածում՝ հանրությանը մոլերեցնելու համար. ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում ընդդիմությունը բողոքարկել է»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա պնդմանը, թե ընդդիմությունն անգամ Սահմանդրական դատարանում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չի բողոքարկել։

Չնայած MediaHub.am-ի դիտարկմանը, որ բողոքարկել են, Ալեն Սիմոնյանը շարունակել էր նույնը պնդել և ասել, որ առաջին անգամ է, որ որևէ մեկը (նկատի ունի ընդդիմությանը֊ խմբ.) ընտրությունների արդյունքները չի բողաքարկել, դրանք ընդունել են։

«Հունիսի 20-ի ընտրությունները ոչ միայն սահմանդրականության, այլև օրինականության հետ խնդիր ունի, որի արդյունքով սահմանված ժամկետում, ըստ Սահմանդրության և ԸՕ, ներկայացվեցին դիմումներ ՍԴ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և քաղաքական այլ միավորների կողմից։ Ի դեպ հետաքրքիր էր, որ յուրաքանչյուրն էլ ընտրությունների արդյունքների որոշակի ասպեկտ` էական և կարևոր, ընթացքի, նախըտրական շրջանի հետ կապված վիճարկել էին ՍԴ:

Նույն ՍԴ-ում ներկայացվել էր, որ ընտրությունների ընթացքում տեղի էր ունեցել վարչական ռեսուրսի չարաշահում։ Ի դեպ, վարչական ռեսուրսի հետ կապված Վարչական դատարան էլ էր հայցադիմում ներկայացվել և այն բավարարվել էր, առաջին անգամ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ էր արձանագրվել։ Նույնն ատելության խոսքի հետ կապաված ևս»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ –ն նշվածն արձանագրել է, այլ հարց է, որ չի ունեցել խիզախություն հակասահմանադրական ճանաչելու։

«Կարող եք նույնիսկ կապ հաստատել Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ուղիղ եթերով հեռարձակում էին ՍԴ –ի մոտ 7 օր տևած դատական նիստերը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Չի կարող պաշտոնատար անձը այդքան մոլորեցնել հանրությանը»,- հավելեց նա։

Հ․Գ․ Նշենք, որ թե՜ Ալեն Սիմոնյանին և թե՜ նրա խոսնակին MediaHub.am-ի լրագրողը ցույց տվեց հրապարակում, որը փաստում էր, որ ընդդիմությունը ՍԴ դիմել է, սակայն Ալեն Սիմոնյանը, փաստն ընդունելու փոխարեն, պնդում էր, որ լրագրողին հարցեր են ուղարկվում, քանի որ նայել է հեռախոսին։

Ստացվում է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից տեղյակ չէ, անգամ այն հարցերի դեպքում, որոնք առնչվում են ուղղակիորեն իր թիմին, հանրությանը մոլերցնող պնդումներ է անում և մեղադրանքներ հնչեցնում լրագրողի հասցեին։

Անի Գևորգյան