Ալավերդու քաղաքապետին իմպիչմենթ են հայտնել․ «Հրապարակ»

Ալավերդու քաղաքապետին իմպիչմենթ են հայտնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ գործեր «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ:

Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից հետո տեւական ժամանակ է՝ ամեն միջոց գործադրում է՝ իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե առաջիկա 5 տարիներին ով կղեկավարի Ալավերդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք ավագանիում 13-ական մանդատ էին ստացել, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց` պահելով ԱԺ մանդատը։
Անցած ամիսներին մենք ականատես եղանք, թե ինչպես էր իշխանությունը՝ իր պատգամավորներով, մարզպետով, լրատվամիջոցներով, արշավ իրականացնում Թամազյանի դեմ՝ փորձելով նրանից կերտել թալանչիի ու բյուջեն մսխողի հրեշավոր կերպար։ Տարբեր ստուգումներ ուղարկվեցին համայնքապետարան, բայց իշխանությունը, թերեւս, հասկանալով, որ չի կարողանում շինծու գործ կարել ընդդիմադիր քաղաքապետի դեմ, որոշել է համայնքապետի պաշտոնի համար մղվող պատերազմում ռազմավարությունն ու մարտավարությունը փոխել։

Մեր տեղեկություններով, հաջողել են մարդագողություն անել՝ իրենց սիրած ոճով, եւ «Ապրելու երկրի» ավագանիներից մեկին՝ մասնագիտությամբ բժիշկ Սիմոն Զախարովին, բերել են իրենց դաշտ՝ պաշտոնի խոստման դիմաց: Ու դրանից հետո անցել են քաղաքապետի իմպիչմենթի գործընթաց սկսելու նախապատրաստություններին: Եթե կարողանան այդ մեկ մանդատը զավթել, ապա առավելություն կստանան եւ կզավթեն նաեւ Ալավերդին` ընտրությունից 1 տարի անց։ Զախարովին, ըստ որոշ տեղեկությունների, խոստացել են նշանակել Ալավերդու հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնին:

Հիշեցնենք, որ օրենքը թույլ չի տալիս ընտրվելուց հետո ուղիղ մեկ տարի իմպիչմենթի գործընթաց իրականացնել, ինչպես նաեւ օրենքն ասում է, որ ցանկացած պահի իմպիչմենթի գործընթաց իրականացնելուց հետո եւս մեկ տարի որեւէ ուժ չի կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ է եկել․ իշխանականների դավադիր ծրագրի մասին նախապես իմանալով՝ ընդդիմությունը մեկ քայլ առաջ է ընկել՝ իմպիչմենթի ֆիկտիվ գործընթաց նախաձեռնելով Արկադի Թամազյանի դեմ։ Խնդիրն այն է, որ այս պահին ՔՊ-ական ավագանու անդամներից մի կին Հայաստանում չէ, օգտվելով վերջինիս բացակայությունից ու օրենքի հնարավորությունից, Ալավերդու «ընդդիմադիր» իշխանությունը որոշել է եւս մեկ տարվա «անվտանգության բարձիկ» ստանալ, ապահովագրել իրենց քաղաքապետին հրաժարական պարտադրելու իմպիչմենթի գործընթացից։ Երկուշաբթի օրը մեկնարկել է գործընթացը, ԱԵ ավագանու խմբակցությունն իմպիչմենթի նախագիծ է ներկայացրել` պահպանելով օրենքի պահանջը: Նախագծում նշվել է, թե ումով են ուզում փոխարինել Թամազյանին․ համայնքապետի թեկնածուն ԱԵ ավագանու անդամ Անահիտ Բադալյանն է։

Երեկ, երեկոյան ժամը 10-ին օրենքի ուժով գումարվել է նիստ, եւ Արկադի Թամազյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացը տապալվել է։

Նշենք, որ օրենքով հնարավորություն է տրվում ավագանու բոլոր խմբակցություններին՝ իմպիչմենթի նախագիծ ներկայացնելուց հետո 36 ժամվա ընթացքում թեկնածուներ առաջադրել, սակայն ՔՊ-ն չի առաջադրել թեկնածու։ Այսպիսով՝ Ալավերդու ավագանին Թամազյանին փակ-գաղտնի քվեարկությամբ չի հեռացրել, նոր քաղաքապետ չի ընտրվել, Թամազյանն օրենքի ուժով կշարունակի լիազորությունները, գոնե եւս մեկ տարի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում