«Հայրենիք» խմբակցության ղեկավարի որդուն պատժո՞ւմ են հոր գործունեության պատճառով. «Փաստ»

Հայրը նշում է՝ որդին հասակակիցների հետ վերջին զանգ է նշել և ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէ նորից նույն դասարանը գնալու. «Ծրագրավորման դասընթացների է մասնակցում, ինքնուրույն խաղեր է գրում, դրանք վաճառում, այս տարիքից գումար է աշխատում: Նշեմ նաև, որ սեպտեմբերից գործելու է նոր կարգ, որտեղ նշվում է, որ բացակաների կարգը հանվում է: Կարգը փոփոխության է ենթարկվելու սեպտեմբերից, արդյոք հնարավո՞ր չէ, որ նախարարը անհատական մոտեցում ցույց տա՝ ուսումնասիրելով խնդիրը»:
Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է: «Զբաղվում եմ քաղաքականությամբ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն եմ: Մեր խմբակցության երկու անդամների ձայնը որոշիչ էր, որ Վանաձորում ընտրվի քաղաքապետ: Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որպես Վանաձորի մեծամասնության քվեն ստացած անձինք՝ Մամիկոն Ասլանյանի կողքին ենք, բայց այս մարդիկ երկու տարի է՝ տարբեր օղակներով փորձում են ինձ խնդրել, համոզել, որ անցնեմ ՔՊ-ի սրտի ուզած թեկնածուի մոտ, բայց դա իրենց չհաջողվեց: Ենթադրություն ունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներ ունի, ինձ այլ բան չի մնում կարծելու: Մարզում եղել են նման նախադեպեր, բայց իմ տղայի դեպքում չեն փորձել քննություն անցկացնել, հանձնաժողով կազմել խնդիրն ուսումնասիրելու համար, մեր՝ թվով վեց դիմումներին տալիս են ստանդարտ նույն պատասխանները, ուրիշ բան չեմ կարողանում մտածել: Ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել պատերազմին, եռամսյա զորահավաքներին, իմ 14 տարեկան տղան զինկոմիսարիատում հաշվառման է անցնում, որպեսզի դառնա զինապարտ: Իմ տղային, որ վաղը զինվոր է դառնալու, այսօր կոտրում են ու ասում՝ է, չգայիք Եվրոպայից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում