Պատմուճան հագնելով դատավոր չեն դառնում․ Դ․ Հարությունյանը՝ Կարեն Անդրեասյանին

Կարեն Անդրեասյանը երբեք անգամ կողմ չի եղել դատարանում, ուր մնաց դատավոր, պատմուճան հագնելով դատավոր չեն դառնում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն, ում լիազորություններն այսօր դադարեցվեցին։
«Խորհրդին տրված էր հնարավորություն՝ անդրադառնալ իմ ներկայացրած միջնորդությանը, բայց նրանք առհասարակ որեւէ միջնորդության չանդրադարձան, բոլորիդ աչքի առաջ որոշումներ չեն կայացրել, չեն հրապարակել ու չեն պարզաբանել։ Նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց նիստերի դահլիճում, տեղի ունեցավ փակ դռների հետեւում»,-ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լեւոն Բալյանի միջնրդությունը սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց՝ կարճել Սամվել Թադեւոսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը, հաշվի առնելով, որ վերջինիս լիազորությունները արդեն իսկ դադարեցված են, իսկ Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարեց եւ դադարեցրեց վերջիններիս լիազորությունները։
ԲԴԽ-ն բավարարեց նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը եւ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Որոշումները հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում