Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքները՝ դիտարկելով ներդրումային ծրագրերի շրջանակում խնդիրը լուծելու հնարավորությունը, տեղեկացնում են կոմիտեից:

Արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակով կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի կոմիտեի պատասխանատուների, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ դիտարկվել են հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է մշակվեն բնակարանային ֆոնդի թարմացման ծրագրերը, շեշտադրվել է գործընթացին սեփականատերերի մասնակցության և ներդրումների ու գործարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է հիմնախնդրի կանոնակարգման համար պետություն-մասնավոր համագործակցության կարևորությունը, հետևաբար բոլոր մասնակիցների առաջարկների դիտարկմամբ փորձ է արվելու գտնել լուծման հավասարակշռված և փոխադարձ ընդունելի տարբերակ:

Ֆինանսերի նախարարի տեղակալ Արման Պողոսյանը վերահաստատել է հարկային քաղաքականության համար պատասխանատու մարմնի պատրաստակամությունը՝ ձևավորելու այնպիսի հարկային միջավայր, որն առնվազն չի խոչընդոտի և կապահովի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի հաջող ընթացքը:

Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է խնդրին ցուցաբերել համակարգային մոտեցում՝ առաջնորդվելով ընդհանուր քաղաքաշինական միջավայրի նորացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման տրամաբանությամբ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը փոխանցել է ոլորտի կազմակերպությունների պատրաստակամությունը՝ մասնակցելու նմանատիպ ծրագրերին, նշելով, որ դա կնպաստի շինարարության ակտիվ տեմպի պահպանմանը: