Փաշինյանը գոհ է Եվրախորհրդարանից
Եվրոպական խորհրդարանում հունվարի 18-ին տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում կայացած քվեարկությամբ ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում 2022 թվականի» զեկույցը, որը զեկուցել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլլիսթերը և այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և ՀՀ-ի մասին։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Զեկույցը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատվել է որպես զինադադարի խախտում և լուրջ հետևանքներ ունեցող ակցիա խաղաղության գործընթացի դեմ։ Վերահաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել բոլոր զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ 407 կողմ, 92 դեմ և 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է փաստաթուղթ, որը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ նաև ծավալուն փաստաթուղթ է, որտեղ հիշատակվում է նաև ԼՂՀ-ն։
«Ընդունված փաստաթուղթն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը և պետք է նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, ՀՀ մեր գործընկերներին, որոնք շարունակաբար աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրոպական խորհրդի պատգամավորներին հասցնելու ուղղությամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում