ՔՊ-ն բոլոր ճակատներում տապալումը «քողարկում» է ասֆալտի հաստ շերտի տակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:
ՔՊ-ականները ներքին և արտաքին ճակատներում խայտառակ տապալումները, Արցախի մաս-մաս հանձնումը ցանկանում են «քողարկել» ասֆալտի հաստ շերտի տակ. ցանկացած խնդրի մասին քննադատություն լսելիս ՀՀ գործող իշխանություններն օրինակ են բերում ասֆալտի «լավ» որակը: Սահմաններում ադրբեջանական զորքերը կրակում են՝ առաջ են գալիս ՀՀ սուվերեն տարածք, զոհվում են հայ զինվորներ, իսկ ՔՊ-ի միակ PR-ի առիթն ասֆալտն է՝ կարծես թե ասֆալտը փրկեց Շուշին կամ Հադրութը հանձնումից:
Սոցիալ-տնտեսական որևէ լուրջ նախագիծ, ծրագիր կյանքի չկոչած ՔՊ-ականները փորձում են մարզերում հանրությանը մոլորեցնել ասֆալտի միջոցով՝ ՀՀ քաղաքացիները Փաշինյանին իրենց մարզում, գյուղում տեսնելիս պետք է խոսեն զրո նոր աշխատատեղերից, մեծ արտագաղթից՝ երիտասարդությունը լքում է գյուղը:
Փաշինյանը, իհարկե, որպես «հակադարձում» ներկայացնելու է «չար նախկինների» չդադարող «թալանը», «այլմոլորակայինների» ազդեցությունը հայկական տնտեսության, ներդրումների վրա, սակայն երբեք չի բարձրաձայնի, որ ՔՊ-ն տապալվել է և տնտեսությունը հասցրել է աղետալի վիճակի: ՔՊ-ի տնտեսական «ձեռքբերումներից» է 11 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, աղքատության աճը, արտագաղթի ահռելի թվերը, ոչ մի նոր բացված աշխատատեղ:
Եթե ՀՀ քաղաքացիները հաճույք են ստանում, երբ ՀՀ գործող իշխանությունները նրանց խաբում են ոչ մի բան չանելով, բարձր աշխատավարձ ստանալով և պարգևավճարներ դուրս գրելով, ապա նրանք կարող են շարունակել մնալ իրենց տներում և ոչինչ չանել ՔՊ-ականներին հեռացնելու համար:
ՔՊ-ի իշխանության երկարաձգումը տանելու է Հայաստանն ու Արցախը նոր աղետների՝ տարածքային, մարդկային կորուստների:
Փաշինյանի և թիմի հեռացումը պետք է ֆիքսել որպես գերնպատակ։
Վահրամ Բագրատյան