Տարածքային պահանջները Ադրբեջանից չեն կարող դուրս գալ մեր օրակարգից. Փաշինյան

Հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր MediaHub-ի լրագրող Լիա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների սկզբնական փուլում Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս գալու պահանջ կար Ադրբեջանի առջև դրված, որի մասին խոսել են նաև ՔՊ ներկայացուցիչները և հարցրեց, թե արդյո՞ք այդ պահանջը հիմա կա և խաղաղության պայմանագրի ո՞ր կետերն են, որոնց շուրջ Փաշինյանն ու Ալիևը կոնսենսուսի չեն գալիս։ 
Փաշինյանը պատասխանեց, որ, իհարկե, նույն պահանջը կա.

«Այդ պահանջը ոչ մի տեղ և ոչ մի անգամ չի կարող դուրս գալ, դա այնպիսի բան չէ, որ կարող է դուրս գալ օրակարգից։ Ինչ վերաբերում է պայմանագրին, էլի ասում եմ՝ կետերը չեն էական, այդ կետերի բովանդակությունն է էական, որոնց վերաբերյալ ես արդեն ասացի․ հենց դրանց շուրջ չենք կարողանում համաձայնության գալ»։ 

Հավելյալ հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը տալիս է երաշխիքներ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, իսկապես, Փաշինյանի նշած խաղաղությունը կլինի, վերջինս պատասխանեց․ 

«Դուք ֆունդամենտալ հարց եք հիմա բարձրացնում։ Բա մենք ի՞նչ ենք ասում, մեր դիրքորոշման անկյունաքարը ո՞րն է: Ասում ենք՝ խաղաղության պայմանագիր ստորագրելը պետք է բերի խաղաղության, որովհետև նույնիսկ տեքստի պարագայում կարող է խաղաղություն չլինել։ Ես հրապարակային էլ եմ ասել՝ աբսուրդ է, երբ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դրանից մի շաբաթ հետո նորից պատերազմ կամ էսկալացիա լինի։ Երբ ես տեսնեմ, որ երաշխավորված է և մեր կարմիր գծերը պահված են, ես կստորագրեմ դա. իհարկե, կստորագրեմ»,- ամփոփեց Փաշինյանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը՝ Ալեն Սիմոնյանը, երեկ հայտարարել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։