Փարաքարի ընտրություններին միջադեպերն անխուսափելի կլինեն, ՔՊ-ականի արկածները՝ թաղապետարանում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան: ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։
Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․ «Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր վարքով չի դադարում զարմացնել ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլեւ մասնագետներին՝ հոգեբաններին։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ուսումնասիրելով, հոգեվերլուծության ենթարկելով Ալեն Սիմոնյանի հրապարակումները, գրառումները, նկատել է, որ երբեմնի դերասանն անձնային աճ չի ապրել եւ մնացել է իր չստացված դերասանի կարգավիճակում։
Հարկ է նշել, որ Ալեն Սիմոնյանը հասարակության լայն շերտերում տպավորված է, սակայն ոչ լավ վարքագծով։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին հիշում են քաղաքացու վրա թքելու միջադեպով։ Իսկ ի՞նչ բացատրություն ունի հոգեբանական տեսանկյունից մարդու վրա թքելը: Հոգեբանի խոսքով՝ Սիմոնյանն իրեն փղի հետ է համեմատում, սակայն ավելի լավ կլիներ, որ համեմատեր ուղտի հետ։ Հոգեբանն ընդգծել է, որ կենդանուն՝ ուղտին, թքելու համար ոչ ոք չի պատժում, եւ Ալեն Սիմոնյանի դեպքում եւս այդպես է, ոչ ոք չպատժեց նրան:
Հարկ է նշել, որ Մադաթյանը կարծում է, թե Վահագն Ալեքսանյանը «ավելի շատ տեքստուրա ունեցող կերպար է, քան Ալեն Սիմոնյանը», եւ վերջինիս դեմ ոչ ոք չի պայքարում՝ եղած-չեղած մի հաշիվ է։
Հետաքրքիրն այն է, որ հոգեբանը նշում է՝ Սիմոնյանն իրեն դրել է Դոն Կոռլեոնեի տեղը, ինչը կարող է անգամ նորածինն անել՝ ԱԺ աթոռին նստելով։ Մեր զրուցակիցը հիշեց առասպելը, որ պտտվել է, թե Ալեն Սիմոնյանն իր հոր գերեզմանն է վաճառել. նա սերիալներում երրորդական դերեր է կատարել… կարճ ասած՝ աճ չի ապրել, նույն տեղում է:
«Հրապարակը» գրում է ․ Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։ Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝ 48.94% ձայներ եւ ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձեւավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, եւ ձեւավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։
ՔՊ թեկնածուն համայնքապետի ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախորդ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի 1-ին տեղակալն էր, այնուհետեւ ղեկավար դարձավ` Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո։ Սակայն 2023-ի աշնանը մահվան ելքով միջադեպից հետո նա հրաժարական տվեց, բայց կուսակցության անցկացրած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ ՔՊ-ի թեկնածուն։ 2021-ին ՔՊ-ն ստացել էր 27.54% ձայն։ Տեղեկություններ կան, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը եւս մտածում է առաջադրվելու մասին, սակայն նրա նախկին թիմակիցների մեծ մասն այլեւս չի աջակցում նրան։ Մինասյանի դաշինքի նախկին անդամները, ովքեր 2021-ին ստացել էին 23.51%, նույնպես ծրագրում են առաջադրվել, սակայն դեռեւս պարզ չէ՝ որ քաղաքական ուժի անվան տակ։ Այս թիմն ունի ավագանու ազդեցիկ անդամներ, համախոհներ, որոնք կարող են հետընտրական շրջանում միավորվել ՔՊ-ի հետ, եթե «Ապրելու երկրին» չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն։ Կան մտահոգություններ, որ Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի, հիշենք, որ համայնքի մաս կազմող Մերձավանում վերջին միջադեպի արդյունքում անգամ մարդ սպանվեց։