Ռեկորդային թվով արտահանում է եղել. գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ կարտոֆիլի թանկացման մասին. «Առավոտ»

Ռեկորդային թվով արտահանում է եղել. գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ կարտոֆիլի թանկացման մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այս տարի նոր դուրս եկած կարտոֆիլի 1 կիլոգրամը վաճառվեց 1000 դրամից էլ թանկ: ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանն ասում է, որ կարտոֆիլի այս տարվա բերքի ինքնարժեքն էլ լինելու է բարձր՝ կլինի գարնան, թե աշնան կարտոֆիլը, որովհետեւ դիզվառելիքը, ագրոքիմիկատներն ու պարարտանյութերը բավականին թանկացել են եւ հանրապետությունում դրանց պակասորդ կա: Նրա խոսքով, աշխատուժը նույնպես թանկացել է:

Աշոտ Հարությունյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի խնդիրները: Ըստ նախկին պաշտոնյայի, կարտոֆիլի եւ մյուս գյուղմթերքների գները երբեք այսքան բարձր չեն եղել: Ասում է՝ եթե օրինակ՝ կեռասի վրա կարելի է աչք փակել, կողքով անցնել, եւ այն առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում չէ, ապա, կարտոֆիլի պարագայում այդպես չէ, այս մթերքը մեր շատ ընտանիքների համար համարվում է երկրորդ հացը: Նրա խոսքով, նախկին տարիներին կարտոֆիլի կիլոգրամը 150 դրամ էր եւ 500 դրամով մարդիկ շուկայից գնում էին 3 կիլոգրամից ավելի կարտոֆիլ. «Դրանով տան տիրուհին մի օր «ժարիտ» էր անում, մի օր՝ պյուրե, երրորդ օրն էլ այդ կարտոֆիլով սուպ էր պատրաստում: Այսինքն՝ երեք օր այդ ընտանիքն ապրում էր: Հիմա 500 դրամով մեկ կիլոգրամ էլ չես գնի»:

Նրա կանխատեսմամբ, կարտոֆիլի գներն այլեւս չեն լինի նախորդ տարիների մակարդակին, քանի որ երաշտը, սակավաջրությունն ու դրանց հետեւանքով ցանքատարածությունների կրճատումը երկրում եւ նաեւ տարածաշրջանային երկրներում ստեղծում են կարտոֆիլի պակասորդ: Նրա խոսքով, նախորդ տարի Հայաստանից ռեկորդային թվով՝ 35-40 հազար տոննայով կարտոֆիլ է արտահանվել, ինչն էլ իր հերթին է ազդել կարտոֆիլի գնագոյացման վրա: Աշոտ Հարությունյանն ասում է՝ մինչ նոր կարտոֆիլի դուրս գալը աշնան պահուստների կարոտոֆիլը վաճառվում էր եւ պահանջարկը մեղմվում էր, բայց քանի որ հին կարտոֆիլը հանրապետությունից դուրս է եկել, գյուղատնտեսական տարին էլ հետ է ընկել հին բերքի եւ նորի արանքում պահանջարկը մեծացել է:

Գյուղոլորտի փորձագետի խոսքով, ոռոգման ու կարկտահարության խնդիրներն էլ մյուս կողմից են դժվարություններ ստեղծում գյուղատնտեսության համար. «Ջրային համակարգի խնդիրը դեռեւս արմատային, համակարգային լուծված չէ, այդ խնդիրը տարբեր տարիներին կլինի, ուղղակի սրությունը կավելանա կամ՝ կպակասի: Պետք է ջրերը կապտաժներով հավաքել, բարձր սարերից եկող ջուրը պետք է ամբարենք, որպեսզի ըստ սեզոնների կարողանանք մեղմել ոռոգման խնդիրը: Ձմեռը բավականին ձյունառատ էր, տեղումնառատ էր: Առանց ոռոգման համակարգի, Արարատյան դաշտավայրում հնարավոր չէ գյուղատնտեսություն վարել: Եվ, քանի որ ստորերկրյա ջրերն էլ իջել են, ընդհանուր առմամբ ջուրը պակասել է, պարբերաբար այդ խնդիրը լինելու է: Խնդիրը կա, լուծումն ու լուծողը չկա»: Նրա խոսքով, ոռոգման ջուրը մինչեւ օգտագործողին հասնելը, 70 տոկոս կորուստ է լինում եւ Սեւանից ջրառ կատարելու փոխարեն պետք է այդ գումարները կենտրոնացնել համակարգի վերանորոգմանը, վերականգնմանը, կառավարման մեջ էլ լուրջ բարեփոխումներ կատարել: Աշոտ Հարությունյանը գտնում է, որ առհասարակ գյուղատնտեսությունից խոսելով, պետք է խոսել համակարգային լուծումներ տալու մասին. «Էպիզոդիկ հարցերը, որոնք, որոշ ծրագրերով իրականացվում են տվյալ պահին, դա խնդիրներ չի լուծում»: Նրա խոսքով, այսօր գյուղատնտեսության երկու հիմնական խնդիրը ոռոգման ջուրն ու կարկտահարությունից գյուղացու բերքի անպաշտպան լինելն է. «Տարի ենք ունենում, որ կարկուտից հասցված վնասը միլիարդավոր դրամների է հասնում: Տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց արդյունավետ չեն, պետության աջակցությունն էլ այդ ոլորտում իսպառ բացակայում է»:

Նա անդրադարձավ նաեւ վարելահողերի ֆոնդին, որի 50 տոկոսը չի մշակվում՝ գյուղոլորտի չպաշտպանված լինելու հետեւանքով: 

Ըստ նրա, պետք է ոլորտը կարգավորող գերատեսչություն լինի, որպեսզի բոլոր այդ խնդիրները կարգավորվեն, իսկ գերատեսչությունը չկա: Նա նաեւ զարմանք է հայտնում, որ ատոմակայան ունեցող երկիրը էներգետիկայի նախարարություն էլ չունի: 

Ասում է՝ այսօր պարենային անվտանգության խնդիր կա, միջազգային հարթակներում սովի թեման է արծարծվում եւ մեզ մոտ անգամ քայլեր չեն կատարվում ռազմավարական խնդիրները դուրս գրելու եւ դրանց լուծման ուղիները գտնելու. «Գյուղատնտեսությունը ոլորտ է, այսօր հացի խնդիր ունենք, պատերազմի խնդիր ունենք, պետք է այդ հարցերը առաջնային լուծվեն»:

Նրա խոսքով, հանրապետության վարելահողերի ֆոնդը կազմում է 445 հազար հեկտար, որից 15 հազար հեկտարն աղակալած է, մի մասը՝ սահմանամերձ համայնքներում են, որոնք հնարավոր չէ մշակել, քանի որ անմիջապես դիպուկահարների նշանառության տակ են, բացի այդ ականապատ տարածքներում են: Եվ որ ամենակարեւորն է, այսօր հող օգտագործողը չունի կայուն եկամուտ, որպեսզի ամեն տարի եղանակային պայմաններից թեկուզ տուժվելուց հետո կրկին մշակի հողը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։