Ի՞նչ է սպասվում Քիշնեւում․ Ադրբեջանը հայտնվել է ծուղակի մեջ․ քաղաքագետ 

Ի՞նչ է սպասվում Քիշնեւում․ Ադրբեջանը հայտնվել է ծուղակի մեջ․ քաղաքագետ 

Հունիսի 1-ին Փաշինյանն ու Ալիեւը Քիշնեւում կհանդիպեն՝ Արեւմուտքի առանցքային դեմքերի՝ ԵՄ նախագահ Շարլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ 

Հնգակողմ այս հանդիպումից առաջ դիվանագիտական դաշտում «հրաձգություն» է տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որի առանցքում բրյուսելյան պայմանավորվածություններն են։ Ալիեւն, ըստ Փաշինյանի, ենթադրաբար հրաժարվում է այդ պայմանավորվածություններից, երբ հայտարարում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջեւ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։ 

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը խախտում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է՝ Ալիեւը հայտնվել է ծուղակի մեջ եւ չի կարողանում որոշում կայացնել։ 

-Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվելու Քիշնեւում, պետք է տեսնենք, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ բարձրացվել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Ապա առանց Ադրբեջանի համաձայնության պայմանավորածություն է ձեռք բերվել Իրան-Ադրբեջան երկաթուղու հետ կապված։ Այսօր Ադրբեջանի եւ Իրայելի նախագահները հանդիպում են ունեցել ու քննարկել Իրանից եկող սպառնալիքները։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը շատ փակուղային վիճակում է հայտնվել, եթե տալիս է երկաթուղային կապ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ եւ Իրանը կարողանում է դուրս գալ ռուսական շուկա, ռուսները՝ իրանական շուկա, Պարսից ծոց, Հնդկաստան եւ այլն: Ստացվում է, որ Ադրբեջանը օգնում է, որպեսզի Արեւմուտքն ու Իսրայելը չշրջափակեն Ռուսաստանին։ 

Մյուս կողմից, Ադրբեջանը պարտավորություններ ունի Իսրայելի եւ Արեւմուտքի առաջ՝ արցախյան 2020թ-ի պատերազմին օժանդակություն ստանալու համար։ Արեւմուտքի եւ Իսրայելի ծրագիրն է՝ թույլ չտալ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կապ։ Ադրբեջանը հայտնվել է այս երկու խնդիրների առաջ. մի կողմից Արեւմուտքի նկատմամբ ունի պարտավորություններ, մյուս կողմից ունի պարտավորություններ Ռուսաստանի առաջ։ Եկել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը պետք է վերջնական որոշում կայացնի՝ Արեւմուտքի կողմն է, թե Ռուսաստանի։ 

-Ալիեւը հայտարարեց, որ պիտի լուծարվեն Արցախի բարձրագույն իշխանության մարմինները՝ Կառավարությունն եւ Ազգային ժողովը։ Այս հայտարարությամբ ի՞նչ «մեսիջներ» է անում Ադրբեջանի ղեկավարը։ 

-Ալիեւն ակնարկում է՝ ով իրեն օգնի վերջնականապես լուծել Արցախի հարցը՝ թեքվելու է դեպի այդ կողմ։ Բուն Արցախի հարցը ոչ մեկի համար առանցքային նշանակություն չունի, դա միջոց է՝ Արցախին ճնշելու համար։ Արեւմուտքն ու Ռուսաստանը Արցախի հարցով ճնշում են Ադրբեջանին, իսկ վերջինս չի կարողանում քայլեր կատարել, որովհետեւ կա՛մ աջ պիտի գնա, կա՛մ՝ ձախ։ Ադրբեջանը հայտնվել է ծուղակի մեջ եւ չի կարողանում որոշում կայացնել։ Այս տրամաբանությունից ելնելով եմ ասում՝ Քիշնեւում որեւէ փաստաթուղթ դժվար թե լինի։

Լիա Սարգսյան