Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չէ․ պետնախարար

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չէ․ պետնախարար

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չէ։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները բազմաթիվ անգամ հնչեցրել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց դրանից հետո Արցախը չի տեսել խաղաղասեր ու բարի վերաբերմունք և ոչ մի տեղից։

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ հանուն ինչի է կատարվում այդ զիջումները, երբ ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում՝ ուսերին դրված բեռը, զրկանքների մեջ են ապրում Արցախի երեխաները։ Եթե խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, մեզ պետք չէ։ Մեզ խաղաղություն է պետք արժանապատիվ ձևով, մեզ խաղաղություն է պետք սեփական ճակատագիրը տնօրինելու գնով։ Ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տրվում են մեկնաբանություններ, որոնց համաձայն մենք ունեք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ՝ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։

Եվ հիմա մենք, հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին, ուզում եմ, որ հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել և այն իրացրել է։

Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու  իրավունքն ու ազատությունը»,- հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։