Դիրքային փոփոխություններ չեն եղել․ Նարեկ Ղահրամանյանը՝ Տեղում տիրող իրավիճակի մասին

Երեկ 19։00-ից հետո մարտական գործողություններ չեն եղել, վիճակը հիմա կայուն է, ճիշտ է լարված է, բայց նոր միջադեպեր չեն արձանագրվել։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ներկայացնել Սյունիքի մարզի Տեղ համայնքում տիրող իրավիճակը։
Հարցին՝ ՔՊ-ից կա՞ն պատգամավորներ, որոնք մեկնել են Տեղ, վերջինս պատասխանեց՝ տեղյակ չէ։ Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները նույնպես ընդունում են, որ իշխանության թերացումը ևս կար այս հարցում, ի՞նչ պատասխանատվություն պետք է լինի, քանի որ ԱԱԾ-ն հայտնել էր պայմանավորվածության մասին, պատգամավորն արձագանքեց.
«Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որից հետո եղել է սադրանք։ Այս ամենն ընդհանրապես ուրիշ բանի հետևանք է»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը երեկ կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 08-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի։ Երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա՝ 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր», - ասված է հաղորդագրության մեջ։
Լիաննա Թորոսյան