Ինչ կտանք՝ դա ընդունեք որպես իրականություն․ ՊՆ փոխնախարար
Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ եկեք գնահատենք՝ ինչ կտանք՝ դա ընդունեք որպես իրականություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր են նոր սադրանքներ։
«Մենք էլ ենք ինժեներական աշխատանքներ իրականացնում և երեկվա սադրանքները հենց այդ աշխատանքների հետևանքն էր»,-ասաց փոխնախարարը։
Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց՝ խնդրելով հետևել պաշտոնական լրահոսին։
«Մեր տրամադրած տեղեկատվություններն իրենց մեջ բոլոր տեղեկությունները պարունակում են․ և՛ մխրճվելու հետ կապված, և՛ չմխրճվելու հետ կապված, և՛ սադրանքների հետ կապված: Ցավոք, երեկ զոհեր և վիրավորներ ունեցանք, նրանց առողջական վիճակի հետ կապված ևս հայտնում ենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը երեկ կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 08-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի։ Երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա՝ 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր», - ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիաննա Թորոսյան