Հաղթանակս նվիրում եմ զոհված զինվորների հիշատակին, իմ եղբայրներին․ Դավիթ Սիմոնյան

Երեւանում նվաճած մեծ հաղթանակս նվիրում եմ զոհված զինվորների հիշատակին, իմ եղբայրներին: Ես եւս մեկ անգամ ապացուցեցի, որ հայ ազգը կա, լինելու է եւ պետք է լինի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի նորընծա չեմպիոն Դավիթ Սիմոնյանը, փոխանցումէ news.am-ը։
Դավիթ Սիմոնյանը դարձավ Հայաստանի թիմի միակ ոսկե մեդալակիրը Երեւանում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Եզրափակիչում նա բացարձակ առավելությամբ 5:0 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյին:
«Աննկարագրելի տպավորություններ ունեմ: Շատ ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել իմ հայ ազգին: Հաղթանակս նվիրում զոհված զինվորներին, իմ եղբայրներին:
Թիմով շատ լավ արդյունք ցույց տվեցինք: Անցել էինք շատ լավ մարզումային փուլ: Հետագայում մտածում եմ՝ ամեն ինչ անել, լավ մարզվել, որ կրկնենք չեմպիոնությունը:
Եզրափակիչ մենամարտի առաջին ռաունդում ցանկանում էի մրցակցիս հաղթել նոկդաուններով, բայց երրորդը չստացվեց: Մրցակիցս պինդ բռնցքամարտիկ էր: Այդպիի հարվածներ ստանալուց հետո նա դեռ դիմակայում էր: Երեք ռաունդ անընդմեջ փորձեց ճնշել, բայց կարողացա իմ բռնցքամարտը թելադրել:
Վերջին ռաունդում զգում էի, որ հաղթում եմ եւ ավելի էի ոգեւորվում:
Դահլիճից մեծ աջակցություն էի զգում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս օրերին մեր կողքին էին, բոլոր նրանց, ում շնորհիվ հասել եմ այս հաղթանակիս: Տրիբունաներից եկող աջակցությունը շատ մեծ դեր խաղաց իմ հաղթանակում:
Առաջին անգամ եմ դառնում Եվրոպայի հաղթող: Ամենաբարդը երրորդ ռաունդում էր: Արդեն զգում էի, որ չեմպիոնությունը շատ մոտ է եւ պետք էր այն բաց չթողնել»,- ասաց Դավիթ Սիմոնյանը:
Երիտասարդների նորընծա չեմպիոնին ոսկե մեդալով պարգեւատրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Միկա» մարզահամալիրում հավաքված երկրպագուները Դավիթ Սիմոնյանի հետ միաձայն երգեցին Հայաստանի հիմնը: