Ագրեսիվ հիվանդ էր, կապել են․ Վարդենիսի տուն-ինտերնատում շղթայով խոշտանգումներն արդարացնում են

Ագրեսիվ հիվանդ էր, կապել են․ Վարդենիսի տուն-ինտերնատում շղթայով խոշտանգումներն արդարացնում են

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ, խոշտանգել է շահառուներին, շահագործել նրանց։ 

Մասնավորապես, հիվանդներից մեկը տնօրեն Կարեն Խաչատրյանի խոզանոցում կատարել է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարել տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել են։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը MediaHub-ին փոխանցեց, որ տուն-ինտերնատը շարունակում է իր աշխատանքը, բոլոր շահառուները խնամք են ստանում, գործառութային առումով փոփոխություններ չեն եղել, ՊՈԱԿ-ից տեղափոխված շահառուներ չկան։

MediaHub-ին տուն-ինտերնատի հաշվապահը, սակայն, փոխանցեց, որ տարածված տեղեկությունները կեղծ են, ոչ մի շահառու չի խոշտանգվել կամ շահագործվել։ 

«Հստակ ասում եմ, նման բան չի եղել, ոչ ոք էլ ձերբակալված չէ, բոլորը աշխատանքի են եկել։ Այսօր Ոստիկանությունից եկել են, այո, բայց ոչ մի բան էլ չկա, տնօրենը չգիտեմ, թե որտեղ է, երևի Երևանում է»,-ասաց անտեղյակ աշխատակիցը։ 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերել են հիվանդներից մեկին։ Բայց աշխատակիցներից Աննա Ասատուրյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ոչ մի խոշտանգում էլ չի եղել։ 

«Մենք շատ լավ տնօրեն ենք ունեցել, խիստ չի եղել ո՛չ շահառուների նկատմամբ, ո՛չ աշխատողների։ Ես, որպես բուժքույր, ասեմ, որ այդ հիվանդին ճանաչում եմ, շատ ագրեսիվ է, անկառավարելի։ Հնարավոր է՝ այդ պահին հարձակվել է մեկի վրա՝ աշխատողի կամ այլ հիվանդի ու ստիպված կապել են։ Շատ ագրեսիվ է, հարձակվում է, կծում, մի քանի անգամ Սևան են տարել, դեղորայքներով հանգստացրել»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե ագրեսիվ հիվանդի դեպքում զսպաշապիկ են հագցնում, ոչ թե շղթայով կապում մարտկոցից, վերջինս արձագանքեց՝ նման դեպքի ներկա չի եղել։ Հարցին, թե ինչո՞ւ են հիվանդներին խոզանոց մաքրել տվել, Աննա Ասատուրյանը պատասխանեց․

«Տեղյակ չեմ, ոչ մեկս տեղյակ չենք, գուցե եղել է նման բան, հստակ ոչինչ չգիտեմ»։ 

Գեղաքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը MediaHub-ին հայտնեց, որ տեղյակ է կատարվածից։

«Ինձ թվում է՝ արդեն հասկանալի է, որ դեպքի բացահայտումը ոստիկանների հետ համագործակցելու արդյունքում է եղել։ Տնօրենին անձամբ չեմ ճանաչել»,- նշեց նա։

Ի դեպ, քիչ առաջ Քննչական կոմիտեն ևս հաստատեց՝ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը և երեք աշխատակիցներ:  

Լիաննա Թորոսյան