Տուժած 2 զինծառայողները վերակենդանացման բաժանմունքում են. մանրամասներ

Այսօր ժամը 7:30-ից 8:30 ընկած ժամանակահատվածում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է ընդունվել երեք զինվորական՝ երկու ժամկետային զինծառայող, մեկ սպա։ Երկու ժամկետային զինծառայողները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ այրվածքաբանության։

«Երկու զինվորները, ովքեր վերակենդանացման բաժանմունքում են, իրենց վիճակը գնահատվում է ծանր, գրանցված է նաև շնչուղիների այրվածք: Նրանք գտնվում են հսկողության տակ, կատարվել են վիրակապություններ, ախտորոշումը կոնկրետացվել է, ծանրության վիճակը որոշվել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Այրվածքաբանության ազգային կետրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Երրորդ զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն.

«Բոլոր մեր բուժառունները գիտակցություն ունեն, ուղղակի այն հիվանդները, ովքեր վիրակապվել են՝ խորը ցավազրկմամբ, քնած են և չեն կարող հիմա պատասխանել, բայց ընդհանուր առմամբ հաղորդակցվել կարող են»,-ասաց Բաբայանը, հավելելով, որ կենտրոն մինչ այժմ ՊՆ-ից պաշտոնյաներ այցելել են, Առողջապահության նախարարությունից՝ ո՛չ, բայց անընդհատ զանգում և տեղեկանում են պացիենտների մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել են 15 զինծառայողներ, վիրավորվել են 3-ը։