Կովկասում կաթոլիկ եկեղեցու առաջին ուխտավայրը՝ Հայաստանում․ ո՞վ է Սուրբ Շարբելը

Կովկասում կաթոլիկ եկեղեցու առաջին ուխտավայրը՝ Հայաստանում․ ո՞վ է Սուրբ Շարբելը

Հայաստանում՝ նախատեսվում է կանգնեցնել կաթոլիկ եկեղեցու նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը, որի բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Արձանի ցամաքային փոխադրումը Լիբանանից Եղվարդ տևել է 7 օր: Տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում և այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը։ 

Հայաստանում սրբի անունը հայտնի չէ շատերին։ Տարածքը, որտեղ պետք է կանգնեցվի արձանը, պատկանում է «Գարդենիա լեբնիզ ֆարմ» ընկերությանը, շուրջբոլորը՝ այգիներ են, որը պատկանում է ազգությամբ հույն լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆայսալին։ 

«Նրա կինն ազգությամբ հայ է, զավակները հայկական անուններ են կրում, նկատի ունեմ՝ հայամետ ընտանիք են։ Ինչ վերաբերում է, թե ինչու պետք է կաթոլիկ եկեղեցու մարոնիական համայնքի սրբի արձանը տեղադրվի Հայաստանում, ասեմ․ Շարբելը պաշտելի է շատ ու շատ ազգերի համար, հետևաբար Սուրբը ճանաչելի կդառնա Հայաստանում, իսկ Հայաստանը ճանաչելի կդառնա սրբի դուռը եկած օտարերկրացիների համար»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչը, ընդգծելով, որ այլ մանրամասներ առայժմ չի ցանկանում ասել, քանի դեռ վերջնականորեն լուծված չէ արձանի տեղադրման թույլտվության հարցը։ 

Ո՞վ է Սուրբ Շարբելը, որ  ընդգրկված չէ Հայ եկեղեցու սրբոց դասում։ Ընկերության ներկայացուցիչը մանրամասնում է․ 

«Լիբանանի Աննայա՝ Սուրբ Մարոնի վանքը, ուր ապրել է սուրբ Շարբելը, այսօր համարվում է Լիբանանի ամենահայտնի ուխտատեղերից մեկը: Հազարավոր մարդիկ հայտնել են Սուրբ Շարբելի հրաշագործությունների ու զարմանահրաշ բժշկությունների մասին: Մենք էլ կարող ենք դիմել նրա բարեխոսությանը մեր կարիքների մեջ: Իր կյանքից միայն 23 տարին նա անց է կացրել ճգնարանում՝ լռության և աղոթքների մեջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը»։ 

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Շարբելի արձանի բացումն ու օծումն է։ Այն ժամանակավոր կտեղադրվի Եղվարդի Նաիրի համայնքի տարածքում, մինչև կլուծվեն իրավական հարցերը։

Հունան Թադևոսյան