Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել, Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. Մամուլը՝ սուրճով

Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել, Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  

Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։ Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի քաղաքապետի, հյուպատոսի, թեմի առաջնորդի հետ են հանդիպելու։ Տավուշյան այս դեպքերից առաջ է գնացել»: Իսկ հնարավո՞ր է, որ ավելի շուտ վերադառնա՝ հաշվի առնելով, որ իր համայնքում լարված իրավիճակ է։ «Չեմ կարող ասել, Ամերիկան է կազմակերպել»։

Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տարակուսում է Նոյեմբերյանի համայնքապետի պահվածքից. «Ինքը պիտի հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչեւ այս պահն ընդամենը կցկտուր բաներ է մեզ ասել»։ Չնայած Աղաբաբյանին պինդ, իր հողին նվիրված մարդ են համարում, բայց այս լարված պահին ԱՄՆ մեկնելը շատերը չեն ընկալում: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Աղաբաբյանն ԱՄՆ է մեկնել մինչեւ Տավուշի այս դեպքերը, եւ շեշտում է՝ Աղաբաբյանը հայտնել է դիրքորոշում, վերադառնալուն պես էլ կանգնելու է տավուշցիների կողքին։ Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետը «հորիզոնից» դուրս եկավ մարտի 12-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզից այս տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նրանից՝ ապարդյուն։ Նա մեկնել է ԱՄՆ՝ Նիկոլ Փաշինյանի` Տավուշ այցից մոտ մեկ ամիս անց, երբ արդեն երեւում էր դեպքերի ընթացքը։ 

Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում ու տարբերակներով: Ապատեղեկատվություն, կեղծիք, հնարովի մեղադրանքներ, զազրախոսություն, թիրախավորված վարկաբեկիչ պիտակումներ: Ստապատիր քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ: Չնայած օրինակների պակաս չկա, բայց այս օրերի ամենից ցայտուն դրսևորումն արձանագրվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ:Փաշինյանական «ագիտպրոպն» ուղիղ կերպով թիրախավորել է սրբազանին: Պատճառն ակնհայտ է. Բագրատ սրբազանը կանգնած է տարածքներ հանձնելու իշխանության որոշմանը, ընդհանրապես՝ այս իշխանությունների հանձնողականությանն ընդդիմացող հայրենակիցների առաջին շարքում: Սա նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ ամբողջ ռեպրեսիվ մեքենայով, ներառյալ կամակատար իրավապահներին ու զանազան սադրիչներին, ամենօրյա ռեժիմով ինտենսիվորեն պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են պարտվողականությանը, թշնամուն արվող միակողմանի զիջումներին և կրում են ազգային արժեքներ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ներկայացնող անհայրենիքներն ուղիղ ու բացահայտորեն դուրս են եկել Հայրենիքի դեմ, հանուն... հայրենազրկության: Դատելով կոնկրետ Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս հատվածում ծավալվող դիմադրությունից՝ «ներքևներն» այլևս չեն հանդուրժում դա: Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական վերահսկողության տակ, իրենք էլ հայկական հողերը տային:

Բնականաբար, Ալիեւն այս տարբերակին չի համաձայնել: Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա, համաձայն որի՝ Ադրբեջանն առաջարկել է Տավուշի 4 բնակավայրերն անհապաղ վերադարձնել իրեն, հետո առանձին-առանձին քննարկել Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս մարզերի սահմանները: Ընտրվել է երրորդ տարբերակը՝ միջպետական սահմանը գծել Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ, ի դեպ, ոչ մի պետության սահմանները նշված չեն։