Շրջափակումը շարունակաբար խորացնում է սոցիալական լարվածությունը․ Արցախի ՍԶՄ նախարար

MediaHub-ը զրուցել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանի հետ՝ պարզելու, թե ինչ վիճակ է Արցախում։
-Պարոն Առաքելյան, երեք ամիս է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ինչպե՞ս է բնակչության սոցիալական վիճակը: Հումանիտար օգնություններն ինչպե՞ս են հասնում Արցախ:
-Որպեսզի երկրում սոցիալական խոր ճգնաժամ չգրանցվի, պետության կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: Շրջափակման պայմաններում աշխատում ենք արտակարգ ռեժիմով՝ ըստ անհրաժեշտության վերաձևակերպելով տարբեր ծրագրեր և գործառույթներ: Օգնությունների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։
-Ի՞նչ վիճակ է գյուղերում:
-Սոցիալական տեսանկյունից էական տարբերություններ չկան գյուղաբնակների և քաղաքային համայնքների բնակիչների միջև:
-Ստեղծված ճգնաժամային իրավիճակում կոնկրետ ի՞նչ մարտահրավերներ կան, որոնք են առաջնայինն այս պահին և ի՞նչ լուծումներ եք առաջարկում:
-Շարունակվող շրջափակումը շարունակաբար խորացնում է սոցիալական լարվածությունը: Նման պայմաններում առաջնային է մնում երկրում պարենային անվտանգության ապահովման հարցը, որը ձգտում ենք հնարավորինս լուծել ինչպես տեղական ռեսուրսներով, այնպես էլ մարդասիրական օգնությունների միջոցով, որոնք հասնում են Արցախ: Այդ առիթով շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանից և արտերկրից տարբեր կրոնական, հասարակական կազմակերպություններին և առանձին անհատներին, ովքեր այս ծանր ժամանակաշրջանում կանգնած են Արցախի կողքին:
Մեր կողմից մշակվում է մեխանիզմ, որն ավելի արդյունավետ պետք է դարձնի Արցախ հասնող մարդասիրական օգնությունների բաշխման գործընթացը: Այդ աշխատանքների կազմակերպման նպատակով դիմել ենք հանրային սեկտորի ակտիվ անդամներին՝ կամավորության սկզբունքով միանալու հանրօգուտ աշխատանքին: Զբաղվածության ոլորտում վերագործարկվել է 5 ծրագիր՝ նպատակ ունենալով ինչ-որ չափով նպաստել աշխատաշուկայի պահանջարկի բավարարմանն ու անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման գործընթացին:
-Բնակչության քանի՞ տոկոսն է բախվել գործազրկությանը. ո՞ր ոլորտներն են դրանք:
- Շրջափակման հետևանքով տուժած ոլորտների և աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ Պետեկամուտների կոմիտեից։ Մեր նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն էական փոփոխության չի ենթարկվել:
-Փաստացի, բացի պետական ապարատում աշխատողներից, մնացած բոլոր քաղաքացիները ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վիճակը մեղմելու համար և արդյո՞ք ԱՀ բյուջեն բավարար է: Եթե ոչ, ապա ՀՀ-ի կողմից ի՞նչ ծավալի աջակցություն է հասնում Արցախ:
- Կենսաթոշակների, նպաստների և մյուս բոլոր գումարների վճարումներն այս պահին իրականացվում են։ Այսինքն՝ Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը կատարվում են առանց խափանումների։
-Ի՞նչ ժառանգություն եք ստացել: Ի՞նչ ծրագրեր կան, որ պետք է շարունակվեն կամ նախաձեռնվեն:
-ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը շարունակում է իրականացնել իր լիազորությունների շրջանակներում սահմանված բոլոր ծրագրերն ու գործառույթները: Միասնական սոցիալական ծառայության կողմից բնականոն հունով կազմակերպվում և իրականացվում են պետական կենսաթոշակների, նպաստների և սոցիալական բնույթ կրող այլ գումարների նշանակման և վճարման գործընթացները:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շարունակում է իրականացնել հաշմանդամության խմբերի սահմանման, փորձաքննության և վերափորձաքննական աշխատանքների իրականացման աշխատանքները՝ այդ համատեքստում սահմանելով աշխատանքային ճկուն մեխանիզմ, որպեսզի շրջափակման և վառելիքի սակավության պայմաններում քաղաքացիները կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավունքներից: Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի աշխատողների կողմից իրականացվում են սոցիալական տարբեր խմբերի պատկանող անձանց կարիքների խորքային գնահատում, որոնց հիման վրա բավարարվում են նախարարություն դիմող քաղաքացիների դիմումները: Իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցների կենցաղային խնմաքի, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական խորհրդատվության անցկացման աշխատանքներ: Շրջափակման առաջին իսկ օրվանից նախարարությունը հանձն է առել՝ վեր հանելու և ըստ անհրաժեշտության, օժանդակություն տրամադրելու այն ընտանիքներին, որոնց անդամները մնացել են ճանապարհի այս և մյուս կողմերում:
Բացի դրանից, այս պահին ընթացքի մեջ են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկնարկած՝ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ծրագրի 2-րդ և 3-րդ միջոցառումները, որոնց պատասխանատուն մեր գերատեսչությունն է։
Երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն է ցուցաբերվում ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։ Ֆինանսական աջակցության վճարման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է և իրականացվում է փուլերով:
Երրորդ միջոցառումն իրենից ներկայացնում է դրամական օժանդակություն՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող, հիմնական աշխատանք չունեցող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող ընտանիքների: Համաձայն այդ ծրագրի, յուրանքանչյուր անչափահաս երեխայի հաշվով ընտանիքին տրամադրվում է միանվագ 20 000-ական դրամի չափով, իսկ եթե երկու ծնողը չեն աշխատում, այդ դեպքում յուրաքանչյուր երեխայի հաշվով տրամադրվում է 40 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն: Եթե ծնողը միայնակ է խնամում անչափահաս երեխային և չի աշխատում, ֆինանսական աջակցության չափը կրկին 40 000 դրամ է:
Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, այս պահին հիմնական աշխատանքներն առնչվում են մեր կողմից իրականացվող նյութական օժանդակությունների տրամադրման գործընթացն ավելի օպերատիվ և թիրախային դարձնելուն: Օգնությունների տրամադրման շրջանակը շարունակաբար մեծանում է՝ ներառելով նոր խմբեր: Մասնավորապես, ներկայումս սննդի տեսքով օգնություն է տրամադրվում տարիքային և ծերության կենսաթոշակ ստացող անձանց:
Լիաննա Թորոսյան