ՔՊ-ականները PR մասնագետների են հանդիպել, Նոր մանրամասներ Գավառի դեպքից. Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականները PR մասնագետների են հանդիպել, Նոր մանրամասներ Գավառի դեպքից. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել:

ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաեւ քաղաքական տեխնոլոգիաների եւ PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը:
ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երեւանցիների հետ:

ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երեւում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին:

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ հենց այս քննարկումների արդյունքում էլ ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց, հակառակը՝ վնասելու է, ու Փաշինյանին հասկացրել են, որ չխառնվի քարոզարշավին:

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի թաքցրել իր սերտ կապը Չեխիայի Հանրապետության հետ եւ այն, որ մեծ կապիտալ ունի այնտեղ: Իհարկե, նորություն չէ այն, որ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, իրենց ավելի ապահով են զգում Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է՝ մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն: Ուսումնասիրելով Մարությանի եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Հայկի կինը եւ 4 երեխաները Չեխիայի քաղաքացիներ են եղել 2018, 2019, 2020 թթ., իսկ Մարությանի հրաժարականի պահին ներկայացված հայտարարագրում՝ 2021թ., կինն արդեն ներկայացված է ՀՀ քաղաքացի, երեխաների մասով տվյալները փակ են, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մնացել են Չեխիայի քաղաքացիներ: Բայց երբեւէ Երեւանի քաղաքապետի պաշտոնին չի հավակնել մեկը, ով այդքան անթաքույց կապեր ունի արտերկրում, եւ որի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն: Նա իր ներկայացումներում ներկայանում է որպես Երեւանի նվիրյալ, մարդ, ով ինքնազոհողության է գնում հանուն մայրաքաղաքի, բայց, փաստորեն, չի հավատում Հայաստանի եւ Երեւանի ապագային:

Հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական` Հայաստանի ամենաբարձր պաշտոններից մեկին հավակնող անձը պետք է ամեն թելով կապված լինի իր երկրին։ Նրա զավակներն ամեն պահի կարող են մեկնել Երեւանից, նրա որդիները չեն ծառայելու հայկական բանակում, եւ Երեւանը միայն մասամբ է նրանց հայրենիքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տարվա հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց բաշխումը, ըստ սեռի, տարիքային խմբերի եւ քաղաքացիության երկրի, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հետեւյալն է.
Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում. այս տարի նրանց թիվը կազմել է 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինիայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 40 մարդ։

Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։
Ինչ-որ առումով սա զարմանալի չէ, քանի որ ռուսների համար Հայաստանն այժմ արտերկրից ֆինանսական միջոցներ ստանալու խողովակ է։ Նրանցից շատերը դառնում են քաղաքացի, սակայն կա՛մ մնում են այստեղ, կա՛մ գնում են այլ երկիր հայկական անձնագրով, քանի որ մենք՝ հայերս, շատ երկրներ կարող ենք այցելել, առանց մուտքի վիզայի անհրաժեշտության։

Հայաստանից ապաստան են հայցում Նիգերիայի, Իսրաելի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մարոկկոյի, Թուրքիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է. գուցե նաեւ այս փաստն է ստիպում մարդկանց ապաստան խնդրել կամ դառնալ ՀՀ քաղաքացի։

«Հրապարակ օրաթերթը» գրում է․  

Չնայած Հանրային խորհուրդը շուրջ 2 տարի է՝ անգործության է մատնված, սակայն իշխանությունը որոշել է նոր մարմին ստեղծել: ՀԽ-ն 2021-ի մայիսից չունի նախագահ, թափուր է 10 անդամի տեղ։ Կառույցից Փաշինյանին ուղղված նամակները մնում են անպատասխան: Իսկ ՀԽ-ն ստեղծվել է 2009-ին, մարտի 1-ի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը փորձեց լիցքաթափել լարված մթնոլորտը՝ ստեղծելով մի կառույց, որի իմաստը հասարակություն-իշխանություն խզված կապի վերականգնման իմիտացիա ստեղծելն էր:

Չնայած ՀԽ-ն օրենքով լայն լիազորություններ ունի՝ կազմակերպել հանրային լսումներ, քննարկել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ այլն, սակայն եթե կառույցը Վազգեն Մանուկյանի նախագահությամբ դեռ քիչ թե շատ աշխատում էր, նրան փոխարինած Ստյոպա Սաֆարյանի օրոք լրիվ կաթվածահար եղավ։ ՀԽ-ն 45 անդամ ունի, 15-ին, այդ թվում՝ նախագահին, նշանակում է ՀՀ կառավարությունը, մյուս 15-ին ՀԿ-ներն են նշանակում, ապա 30 հոգին ընտրում է եւս 15 անդամի։ Ըստ օրենքի՝ Փաշինյանը մինչեւ 2021-ի սեպտեմբերի 19-ը պետք է ՀԽ նախագահ նշանակեր, սակայն մինչ օրս չի նշանակել։ Հիշեցնենք․ ՀԽ-ն սահմանադրական մարմին է եւ միայն Սահմանադրության փոփոխությամբ կարող է լուծարվել։ Հիմա, Նիկոլ Փաշինյանը փոխանակ ՀԽ նախագահ նշանակի, որ կառույցը բնականոն գործի, նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է Հանրային խորհրդի շրջանակներում փաստահավաք հանձնաժողով ստեղծելու դրույթ մտցնել։ «Հանձնաժողովի գործունեության նպատակներն ու սկզբունքները» հատվածում գրված է. «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն ուղղված է նախեւառաջ 1991 թ. սեպտեմբերից մինչեւ 2022 թ. ներառյալ... տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը եւ ուսումնասիրմանը...»։

Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը եւ իրադարձությունները պետք է ներառեն հետեւյալ թեմաները. «Համապետական եւ ՏԻՄ ընտրություններ, հանրաքվեներ, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, վերոնշյալ դեպքերի հետ փոխկապակցված այլ դեպքեր եւ իրադարձություններ»:

Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ, ցանկացած մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել եւ ստանալ անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից… պահանջել եւ ստանալ դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել՝ անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել եզրակացություններ՝ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը եւ իրականացնելու այլ գործողություններ: 

Նախագծով նախատեսվում է, որ փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը ՀԽ հաստատումից հետո ներկայացվելու է կառավարություն եւ ԱԺ խմբակցություններին: 
Ակնհայտ է, որ Փաշինյանն իր իսկ կողմից 2 տարի կաթվածահար արված սահմանադրական կառույցը որոշել է աշխատեցնել` բացառապես ծառայեցնելով անձնական շահերին եւ նախկիններից վրեժ լուծելուն: Պարզ է, որ այս փաստահավաք հանձնաժողովը Մարտի 1-ի հանձնաժողովի (Անդրանիկ Քոչարյան, Սեդա Սաֆարյան) նմանությամբ փորձելու է ուսումնասիրության առարկա դարձնել անցյալը եւ մի նոր մահակ դառնալ նախկինների գլխին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արեւշատյանը իրավապահներին հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝ ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արեւշատյանն ասել է՝ ինքը տեղյակ չէ։ Եվ, ահա, այդ նպատակով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում:Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։
Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում։

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա:

Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են: