Մարտունու ԲԿ-ի բուժառուները սպասարկվում են նկուղո՞ւմ. ինչո՞ւ հեռացավ տնօրենը

Մարտունու ԲԿ-ի բուժառուները սպասարկվում են նկուղո՞ւմ. ինչո՞ւ հեռացավ տնօրենը

Մարտունու ԲԿ-ում որևէ մեկը նկուղային հարկում բուժում չի ստանում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Մարտունու ԲԿ-ի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե նորակառույց հիվանդանոցում թերապևտիկ բաժանմունքի բուժառուները նկուղում են բուժում ստանում, թեև ըստ առողջապահության նախարարության որոշման, պետք է այդ բաժանմունքն առաջին հարկում տեղակայված լիներ։

«Այո, առաջին հարկում է այդ բաժանմունքը, նկուղում ոչ ոք բուժում չի ստանում»,- վստահեցրեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ բաժանմունքն առաջին հարկում է, հագեցած բոլոր կոմունիկացիաներով, և որևէ խնդիր չկա։

«Չգիտեմ՝ ինչու է նման աղմուկ բարձրացել։ Նոր բացված հաստատություն է, նոր շինություն։ Խնդիրներ կարող են լինել, որոնք թեթև թերություններ են, ընթացքում հայտնաբերվում են, լուծվում։ Որևէ արտառոց բան չկա։ Նոր մասնաշենքում խնդիր է եղել այն մասով, որ կոյուղին է խցանվել, սակայն շատ արագ կարգավորվել է։ Տարածքից շինարարական աղբը վերացվել է։ Ու տանիքից ջուր է կաթել, բայց դա էլ այն պատճառով, որ վերևում օդափոխության համակարգ ունենք, որից ջուր է կաթել։ Դա կաթել է սենյակի մեջ, բայց խնդիրն էլի արագ լուծվել է»,- ներկայացրեց Հարությունյանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ պատճառով է ինքն աշխատանքից ազատվելու դիմում գրել, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ ոչ, այդ պատճառով չէ։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ինքը հեռացավ, ԲԿ տնօրենն ասաց՝ անձնական խնդիր է։

Ի դեպ, մեր տեղեկություններով, խնդիրը ավելի շատ կապված է Փաշինյանի հայտնի այցից հետո բարձրացած աղմուկի հետ, երբ նրան ներկայացվել էր, թե ԲԿ-ն պատրաստ է սպասարկել բուժառուներին, բայց, փաստացի, երեք ամիս անց միայն իր դռները բացեց։

Ինչևէ, Անդրանիկ Հարությունյանն այդ տեղեկությունը ևս հերքեց։

«Անձնական խնդիրներ կան, դրանք լուծելու համար այս պահին նման որոշում եմ ընդունել»,- ասաց Հարությունյանը։

Թե ով կփոխարինի իրեն, ԲԿ նախկին տնօրենը չգիտի․ մրցույթ պետք է հայտարարվի։

Նարե Գնունի