«Հայրենիք» կուսակցության անդամը դատարանում հաղթել է ՔՊ-ական պատգամավորին

«Հայրենիք» կուսակցության անդամը դատարանում հաղթել է ՔՊ-ական պատգամավորին

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը դատարանում հաղթել է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայումս ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանին։ 

Գրեթե երկու տարի տևած դատական գործընթացից հետո դատարանը չի բավարարել Թումասյանի հայցն ընդդեմ Նիկողոսյանի, որը 2021 թվականին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ Միքայել Թումասյանը Դավիթաշենում շինություն է կառուցում, իսկ դա պաշտոնեական դիրքի չարաշահում է։

«Գրառումը ես կատարել էի 2021 թվականին, նախընտրական քարոզարշավի շրջանում։ Այդ ժամանակ ես՝ որպես թեկնածու, անձեռնմխելի էի, և ինքը սպասեց, հենց քարոզարշավը վերջացավ, ինձ դատի տվեց՝ վիրավորանքի ու զրպարտության համար։ Նա դատական կարգով գումար էր պահանջում իրեն զրպարտելու համար։ Բայց իմ փաստաբանը կարողացավ ապացուցել, որ ես չեմ զրպարտել։ Արդարությունը հաղթեց»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Նիկողոսյանը։

Նրա փաստաբան Անահիտ Սարգսյանն էլ մեզ ասաց, որ Արսեն Նիկողոսյանի գրառումը չէր կարող զրպարտություն լինել, քանի որ նա դա արել է որպես քաղաքական գործիչ։

«Նա հանրությանը հուզող հարց է բարձրացրել։ Ու դա զրպարտություն չի կարող համարվել։ Այսպես էլ պետք է լիներ, մենք կասկած չունեինք, որ մերժվելու է հայցը։ Նշեմ նաև, որ հիմա Թումասյանն է պարտավորվում 100 հազար դրամ փոխհատուցում տալ՝ Նիկողոսյանի փաստաբանական ծախսերի համար։ Իհարկե, մեր պայմանագիրն այլ արժեք ուներ, բայց դատարանը գումարի այդ չափն է ճիշտ համարել»,- նկատեց Սարգսյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Թումասյանը դիմի Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, Սարգյանը պատասխանեց՝ եթե խելամիտ գտնվեն, ապա վճիռը չեն բողոքարկի։

Նարե Գնունի