Բացառում եմ, որ ԲՀԿ-ն Տիգրան Ավինյանին օգնի․ Մարկոս Հարությունյան

Մամուլը գրում է, թե Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց և աշխատելու է Տիգրան Ավինյանի համար։
Որքանով է հավանական սա և ինչպես է ստացվում, որ բոլոր ընտրություններին ակտիվ մասնակցող ԲՀԿ-ն դեռ թեկնածու չունի, MediaHub-ը ճշտեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանից: Վերջինս բացառեց Ավինյանին օգնելու տարբերակը։
«Այս պահին քաղաքապետի ընտրություններին մասնակցելու դիրքորոշում դեռ չունենք։ Բայց վստահ եմ, որ Ավինյանին օգնելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Մենք այս պահին էլ դեռ քննարկում ենք մասնակցության հարցը, բայց, որ ԲՀԿ-ն պետք է օգնի Տիգրան Ավինյանին, բացառում եմ»,-ասաց նա։
Հարցին՝ ԲՀԿ-ն թեկնածուի տարբերակներ չունի՞, վերջինս պատասխանեց՝ ունի, սակայն հիմա վաղ է այդ մասին խոսել։
Հիշեցնենք, որ այս պահին մի քանի ուժ արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին։ Թեկնածուների անուններ ակտիվ շրջանառվում են․ ՔՊ-ի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ԼՀԿ-ինը՝ ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաստատել էր, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» կուսակցությունն էլ «Ալյանս» կուսակցության հետ է որոշել միասնական թեկնածու առաջադրել։
Լիաննա Թորոսյան