Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ինչպես և կանխատեսել էինք րոպեներ առաջ, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նա այն ութ անձանցից մեկն է, ում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները:

Նշենք, որ Վահան Քերոբյանը մի քանի ժամ է ՔԿ-ում է, հարցաքննվում է:

Քիչ առաջ ՔԿ մանրամասներ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործից՝ նշելով, որ այս պահին ութ անձանց մեղադրանքներ են ներկայացվել:

«Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը: 

Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

Նարե Գնունի