Գերության մեջ գտնվող Հայաստանի նոր գերիները

Շարունակական պատերազմի պայմաններում Ադրբեջանը շարունակում է հայերի գերեվարումը։ Ոչ միայն զինվորականներ, այլ նաև՝ քաղաքացիական անձինք են հայտնվում թշնամու թիրախում ու դառնում նրա կենդանի զոհը։
Վերջին ու ամենաթարմ օրինակը հենց այսօր էր։ Ժամը 13:17-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Դրանից 40 րոպե անց ադրբեջանական կողմը հայտարարեց, որ «հայկական կողմից իրենց սահմանը հատած դիվերսանտի են բերման ենթարկել»։
14:32-ին ՀՀ ՊՆ-ն կրկին հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
«Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Որքան էլ ցավալի է ընդունելը, որ հայկական կողմը նոր գերի ունի, բայց փորձը ցույց է տալիս, որ թշնամին ձեռագիրը չի փոխել։ Մեխանիզմը պարզ է՝ գերեվարել քաղաքացուն ու նրան ներկայացնել որպես հանցագործ, դիվերսանտ, ցեղասպան քաղաքականություն վարող։ Վերջին օրինակը արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեպքում էր։ Սրտի լուրջ խնդիր ունեցող արցախցուն Կարմիր Խաչի մեքենայից էին առևանգել ու տարել Բաքու՝ պատճառաբանելով, թե իբր Խաչատրյանը ադրբեջանցիների «ցեղասպանությանն» է նպաստել։ Ադրբեջանի տարածած լուրերի կեղծ ու շինծու լինելը բազմաթիվ օրինակներով հայկական կողմը ապացուցեց։ Վագիֆ Խաչատրյանը թշնամու կողմից առևանգվել ու Բաքու է տարվել հուլիսի 29-ին։
Դրանից օրեր անց՝ օգոստոսի մեկին, թշնամին ևս մեկ քաղաքացիական անձի՝ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալեց։ Բեգլարյանը ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Երկու զինծառայող էլ թշնամու գերության մեջ ընկավ մայիսի 26-ին։ Այդ օրը ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ։ Ժամեր անց ադրբեջանական կողմը հաստատեց, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ Բաքուն հայտարարեց մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործի հարուցման մասին։
Միայն այս տարվա ընթացքում առնվազն հինգ նոր դեպքի մասին հանրային դաշտում խոսվել է, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ իր բանտերում 38 հայ գերի կա։
Նարե Գնունի