Որքան հայ է մնացել Ստեփանակերտում, Հարձակվել են Ախուրյանի ՔՊ-ական ղեկավարի վրա. Մամուլը՝ սուրճով

Որքան հայ է մնացել Ստեփանակերտում,  Հարձակվել են Ախուրյանի ՔՊ-ական ղեկավարի վրա. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որեւէ ազդեցություն չկա:

«Որեւէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա:

Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիեւան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն:

«Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել կնոջ հետ: Այն մասին, թե զրույցում ինչ է պատմել Վարդանյանը, Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ կարճատեւ հեռախոսազրույց է եղել, Վարդանյանը տեղեկացրել է, որ առողջությունը բավարար վիճակում է. այլ մանրամասներ հայտնի չեն:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության եւ վիրավորանքի համար։

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանն ապացուցման բեռի բաշխում է կատարել՝ Բաքոյանին պարտավորեցնելով, որ ապացուցի Էդգար Ղազարյանի թմրամոլ լինելը, ինչի մասին նա հայտարարել է ԱԺ նիստում։

Նույն այդ նիստում Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ում դեմ եւս Ղազարյանը դատական հայց է ներկայացրել: Բացի այդ, Ղազարյանը հաղորդում է ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազություն` ՔՊ-ականները սպառնացել էին ականջը կտրել: Նա վարչական դատարան էլ է դիմել` բողոքարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի ընտրությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ միջադեպ է գրանցվել Ախուրյանի համայնքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։

Այս բացահայտումից հետո համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը դպրոցում իրականացնում է կազմակերպչական փոփոխություններ, ինչը դուր չի գալիս Լեւոն Գեղամյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վախենալով իր կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների բացահայտումից եւ զբաղեցրած պաշտոնից զրկվելուց՝ Լեւոն Գեղամյանը Ախուրյանի համայնքապետարանի մուտքի մոտ եղբոր հետ հարձակվում է Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանի եւ ԲՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Սերգոյանի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպին ականատես են եղել համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց ջանքերով հարթվել է իրավիճակը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները:

Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում` ինչպես բերդում գտնվողներին են սննդի որոշակի քանակ փոխանցում: Մեր աղբյուրը կատակեց՝ Ստեփանակերտում բոլոր տները հիմա նրանցն են, ոնց էլ լինի՝ սառնարաններում ուտելիք մնացած կլինի, սոված չեն մնա: Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել:

Վերջին թարմ օրինակը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի դեպքն է, եւ կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պետք է վերականգնվի այդ պաշտոնին, այսինքն՝ նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր հաղթել նախարարին եւ վերականգնվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Ստացվում է՝ իրավաբան-նախարարը չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար հետագայում չհայտնվի դատարաններում։

Մյուս կողմից՝ նրա վրա կենտրոնացել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ Ավանեսյանը փորձում է կառավարության նիստերին կամ առհասարակ ակտիվ լինել, հայտնվել ամենուր, որտեղ լինում է Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատանքից դժգոհ են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ասում են, որ այժմ քաղաքական իշխանություններն առողջապահության նախարար են փնտրում։