ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024 թվականի երկրորդ եռամսյակում

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։
«Մոսկվայում աշխատանքային հանդիպում է կայացել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պատվիրակության և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի միջև։ Հաստատվել է ԱՊՀ շրջանակներում, համագործակցության միջոցառումների ամբողջ ցանկը, ինչպես նաև առաջարկվել է 2024 թվականի երկրորդ եռամսյակում անցկացնել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մինսկ քաղաքում»,- գրել է Ռեվենկոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
ԱՊՀ պաշտպանության խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Տուլայում։