«Խաղաղության խաչմերուկ»-ում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ․ Փաշինյանը թվել է դրանք

«Խաղաղության խաչմերուկ»-ում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ․ Փաշինյանը թվել է դրանք

Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի առաջնահերթությունն է, որի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այս մասին հունական Ekathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է նաև Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում»:

Բացի այդ, նրա խոսքով՝ նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը «հնարավոր է հայռադրբեջանական հարաբերությունների կարգավորման պարագայում, քանի որ Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու՝ դեպի Իրանի տանող լավագույն երթուղին անցնում է Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին»: «Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է»,- ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, Սև ծովի թուրքական նավահանգիստներին:

«Ուստի հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար, և մենք պատրաստ ենք նաև սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ»,- նշել նա:

Փաշինյանն ասել է, թե որոնք այդ սկզբունքները՝

- բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են;

- յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, նաև ապահովում է անվտանգությունը;

- նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե՛ միջազգային, թե՛ ներքին փոխադրումների համար;

- բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության ու փոխադարձության սկզբունքով: