Փաշինյանի թիմում «խառն» են

Փաշինյանի թիմում «խառն» են

Եթե չլիներ Լաչինի միջանցքի փակման հետ կապված ճգնաժամը, ապա հանրության ուշադրության կենտրոնում, անշուշտ, կլինեին կադրային փոփոխությունները:
Մի քանի ժամվա ընթացքում հրաժարական տվեցին, ըստ որոշ լուրերի՝ պաշտոնանկ արվեցին կաբինետի երկու անդամներ՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը:

Հեղափոխությունից հետո էլ Հայաստանում չփոխվեց արատավոր քաղաքական մշակույթը. բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատանքից ազատվում են առանց պատճառաբանության, հասկանալի չեն կադրային քաղաքականության սկզբունքները, չափանիշները:

Արդյո՞ք Մաթևոսյանի ու Դումանյանի հրաժարականները փոխկապակցված են:

Վարկածներից մեկի համաձայն՝ այո:

Ասում են՝ երկու պաշտոնյաների հրաժարականները ուղիղ կապված են ԲՊՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու հետ, քանի որ իշխող քաղաքական թիմն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգած են եղել, հետևաբար նաև ակնկալել են, որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պետք է ռեկտոր ընտրվի:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մի ռեկտորի ընտրության ձախողման համար չներեց փոխվարչապետի ու մեկ նախարարի, բայց համառորեն ուզում է պլստալ պատասխանատվությունից, երբ վտանգել է մի ամբողջ երկրի ու ժողովրդի ապագա:

Մեկ այլ վարկածի համաձայն, կոնկրետ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականը պայմանավորված է ՔՊ վարչության սկանդալային ընտրությունների հետ ու ըստ շրջանառվող լուրերի՝ Փաշինյանը պետական համակարգը հետևողականորեն մաքրում է Սուրեն Պապիկյանի կադրերից:

Որն էլ լինի ճշմարտությունը, իշխանության ներսում առաջացել են լուրջ ճաքեր, որոնք մեծանալու միտում ունեն:

Վահրամ Բագրատյան