Որ խելացի լինեն՝ ոչ մի բան էլ չեն պահանջի. Պռոշյանի գյուղապետը՝ ՊՆ նախկին շենքի թնջուկի մասին

Որ խելացի լինեն՝ ոչ մի բան էլ չեն պահանջի. Պռոշյանի գյուղապետը՝ ՊՆ նախկին շենքի թնջուկի մասին

Սկսենք նրանից, որ ՊՆ նախկին շենքում բնակվողներն ապօրինի են այնտեղ հայտնվել, բայց եթե համայնքն ինչ-որ բանով կարող է նրանց օգնել, վստահաբար կօգնի։ Իրենք մեր համայնքի բնակիչները չեն, տարբեր համայնքներից են եկել, ասում են, թե 100 ընտանիք են, բայց իրականում մոտ 30 ընտանիք է ապրում այնտեղ։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Պռոշյան համայնքի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներն ակցիա են սկսել, վերջիններիս  ստիպում են լքել շենքը, քանի որ այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

«Այնտեղ բնակվող ընտանիքներից միայն մեկն է մեր համայնքից, բայց այդ ընտանիքին համայնքը հողատարածք է տվել, տնակ տրամադրել, ակցիաների կադրերն ուսումնասիրելիս՝ նկատեցի, որ իրենք էլ են բողոքողների շարքերում, չգիտեմ, թե ինչպես է այդպես ստացվել։ Մյուսների մասով էլ շատ բան չեմ կարող ասել, չգիտեմ, թե ինչպես են այնտեղ հայտնվել, ինչպես են տեղավորվել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե այդ մարդիկ ամիսներ շարունակ համայնքի մի մաս են կազմել, բնակիչ են եղել, կոմունալ են վճարել, վերջինս արձագանքեց․ 

«Ոչ ոք կոմունալ չի վճարել, համայնքին ոչինչ չեն վճարել։ Համայնքն այդ շենք ոչինչ չի սպասարկել, լույս, գազ չի եղել, իրենք ապօրինի կերպով, հարակից շենքից գազ ու լույս են քաշել, հետո շենքի սեփականատերն իմացել է այդ մասին, օրինական պահանջ է ներկայացրել, անջատել են, իրենք էլ մնացել են առանց լույս։ Իրենք, որ խելացի լինեն, ոչինչ էլ չեն պահանջի. օրինակ՝ գան իմ տուն, ասեն՝ մեր տունն է, կլինի՞, իհարկե, չէ»,- շեշտեց նա։

Գաբրիելյանի խոսքով, եթե համայնքը որևէ կերպ կարող է օգնել բնակիչներին, ինքը պատրաստակամ է, հատկապես երեխաներին աջակցելու մասով պատրաստ են քայլեր ձեռնարկել։ 

«Մինչև տեսնենք, ինչ է լինում այդ երեխաների ճակատագիրը»,- հավելեց նա։

Ընդգծենք, որ բնակիչներն ամիսներ առաջ ծանուցվել են շենքը լքելու մասին։

Լիաննա Թորոսյան