Իրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսում մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Թեհրան կատարած այցը։
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այցն Իրան երկկողմ շփումների և բանակցությունների շրջանակներում է և առնչվում է նաև Կովկասի վերջին զարգացումներին։ Այդ շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել հայ պաշտոնյայի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի միջև։ Քննարկվել են Կովկասի վերջին իրադարձությունները»,- ասել է Քանանին։
Նրա խոսքով, հայ պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում վերջին իրավիճակի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը։
Իրանը ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ընդգծել տարածաշրջանային գործիքների կիրառման հնարավորությունը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
«Այսօր հանդիպում կլինի նաև Իրանի արտգործնախարարի հետ։ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Քանանին։
Խոսելով Զանգեզուրի միջանցքի շուրջ Էրդողանի հայտարարության մասին՝ Քանանին նշել է.
«Մենք կողմ ենք հաղորդակցման ուղիների զարգացմանը, որոնք ապահովում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Բայց միևնույն ժամանակ շեշտում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումն այս հարցում եւ վստահ ենք, որ այս հարցը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Անվտանգությանխորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: