Կկարճվի՞ մանկապարտեզի միջադեպով գործը, Նախկին ղեկավարից հայտարարագրի պարզաբանում են պահանջել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ մարմինները մտադրություն ունեն կարճելու Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։
Տեղեկությունը փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս փուլում նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում՝ ծեծում երեխային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Ի դեպ, երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ Իսկ, ահա, Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ.-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրելու ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:
Այս մասին հայտնել էր Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը՝ նշելով. «Նա զղջում է կատարվածի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
Չի բացառվում նաև, որ այս դեպքում էլ, գործուն զղջման հիմքով, գործը կկարճվի: Հետևենք զարգացումներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականը տհաճ անակնկալով սկսած, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 19-ին անդրադարձել էր Արմեն Ղուլարյանի հայտարարագրին եւ կատարել էր համալիր վերլուծություն՝ հստակ ընդգծելով Ղուլարյանի ֆինանսական միջոցներում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկը։ Այդ հրապարակումից գրեթե 2 շաբաթ անց Ղուլարյանը սկանդալային կերպով ազատվեց աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Արմավիրի եւ Լոռու մարզերի նորակառույց դպրոցներ այցի ժամանակ Փաշինյանն արձանագրել էր, որ դպրոցների կառուցումն արվել էր անորակ կերպով ու միաժամանակ` կասկածելի։ Օրինակ` 2000 դրամ արժեցող ցնցուղը գնվել էր 75 հազար դրամով։ Այս չարաշահման համար, կարծես, ոչ ոք չպատժվեց՝ բացի Ղուլարյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2021 եւ 2022 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն։
Արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցելու Արմեն Ղուլարյանից եւ նրա ընտանիքի անդամներից. սակայն դեռեւս չկան պաշտոնական տվյալներ, թե ինչ պարզաբանում է ներկայացրել Ղուլարյանը ԿԿ հանձնաժողովին»: