Ալիևը ուզում է ողջ Արցախը և ասել, որ Վարդանյանի հրաժարականով ստացավ իր ուզածը, ծիծաղելի է․ պատգամավոր

Ալիևը ուզում է ողջ Արցախը և ասել, որ Վարդանյանի հրաժարականով ստացավ իր ուզածը, ծիծաղելի է․ պատգամավոր

Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

MediaHub-ը զրուցել է ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ տրամադրվածություն է Արցախում հիմա։ 

-Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան երեկ, ինչի՞ մասին են խոսում։ Ի՞նչ սպասել։ 

-Կայացվել է բարդ որոշում, ինչը պայմանավորված էր Արցախի շուրջ տեղի ունեցող բարդագույն գործընթացներով։ 

-Ստացվում է՝ Ալիևը ստացավ իր ուզածը. արդյո՞ք սա նշանակում է, որ Լաչինի միջանցքը վերջապես կբացվի։

-Արցախ աշխարհը և Ռուբեն Վարդանյանը համեմատելի արժեքներ չեն։ Ալիևը ուզում է ողջ Արցախը, որը, ինչպես գիտեք, դեռ իրենը չէ, հետևաբար խոսել, որ Ալիևը ստացավ այն, ինչ ուզում էր, ծիծաղելի է։ Պատերազմի ժամանակ, մարտ վարելու ժամանակ կարող են լինել պահեր, երբ հրամանատարությունը որոշակի մարտավարություն կիրառի զորքին, բանակին փրկելու կամ նոր բնագծում ավելի ամուր տեղակայվելու նպատակով, ուրեմն ի՞նչ, սա գնահատե՞նք որպես պարտություն։ 

-Արևմուտքի ակտիվությունն այս գործընթացում արդյո՞ք նշան է այն բանի, որ ՌԴ-ին դուրս են մղվում տարածաշրջանից։

- Արևմուտքի ակտիվությունը մեր տարածաշրջանում նշանակում է, որ բավականին մեծ մրցակցություն կա և կհաղթի նա, ով ավելի պատրաստված է կամ պատրաստ է ավելի շատ ջանք դնել։ Եթե ՌԴ-ն վերջնարդյունքին հեռանա, ապա իր մեղքն է. ինքը գերտերություն է և թե՛ հաղթանակը, և թե՛ պարտությունը իր որակներով է պայմանավորված, ոչ թե մեզ նման 3 միլիոնանոց երկրի։

Լիաննա Թորոսյան