Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվել է 3 տարով

Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվել է 3 տարով

Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության ոսկե մեդալակիր Հենրիկ Սահակյանը որակազրկվել է:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը, Սահակյանը որակազրվել է 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։ Որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է խթանիչներ: Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը»:

Բռնցքամարտիկը չի ընդունում Հակադոպինգային կազմակերպության որոշումը: