Ամբողջ Ստեփանակերտը նորապսակներ էին...  Մեծ հարսանիքից 16 տարի է անցել 

Ամբողջ Ստեփանակերտը նորապսակներ էին...  Մեծ հարսանիքից 16 տարի է անցել 

«Ամուսնուս հետ պայմանավորվել էի՝ եթե առաջնեկը տղա ծնվի, նրան Լևոն ենք կոչելու, եթե աղջիկ՝ ամուսնուս մոր անունով։ Դա իմ կյանքի ամենաերանելի տարիներն էին, նախ նրա համար, որ երիտասարդ էինք, անհոգ, շատ նպատակներ ունեինք ապագայի հետ կապված»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Աբովյանից Արցախ հարս եկած, «Արցախյան մեծ հարսանիք»-ի ժամանակ ամուսնացած Ռուզաննա Սարգսյանը։

 

Ուղիղ 16 տարի առաջ այս օրը գործարար Լևոն Հայրապետյանի վկայությամբ Արցախում միաժամանակ 700 զույգի պսակադրություն էր։ Դա Հայաստանի և Արցախի պատմության մեջ ամենամեծ միջոցառումն էր, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ ամիսներ առաջ։ 

«Հարսանեկան սրահներում զգեստ արդեն չկար, դրա համար Արմանի հետ մենք այն ձեռք բերեցինք Երևանից ու ճանապարհվեցինք։ Հաջորդ խնդիրն ազատ վարսահարդար գտնելն էր, բոլոր գեղեցկության սրահներն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Ամբողջ Ստեփանակերտը նորապսակներ էին... երանի կարողանայինք ժամանակը հետ տալ, նորից գնալ այդ երջանիկ ժամանակներ»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ Արմանի հետ որոշել էին ամուսնությունից հետո տեղափոխվել Հայաստան, բայց՝ «այդ օրը ես վճռեցի՝ «կապրեմ Արցախում»»։ 

700 զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում և Լևոն Հայրապետյանի ծննդավայր Վանք գյուղի՝ Գանձասար վանական համալիրում։ Դա օրհնության օր էր։ 

«Որոշ ժամանակ անց, երբ արդեն հաստատվեց հղիությունս, հաճախ էի լինում ծննդատանը, ստուգվում, խորհրդակցում բժիշկների հետ։ Չեք պատկերացնում՝ ինչ հերթեր էին։ Մեծ հարսանիքը տվեց իր պտուղները։ Մեկ տարի անց օգոստոսին ծնվեց մեր տղան, որ ի պատիվ ազգային մեծ բարերարի՝ կոչել ենք Լևոն անունով»,- ասաց նա։

Արմանի և Ռուզաննայի 15-ամյա որդուն ծնողներն են պատմել իր անվան մասին։ Ռուզաննան ափսոսում է, որ բարերարը ողջ չէ և որ նա ազգի անտարբերության զոհ է դարձել։ «Լևոն Հայրապետյանի մահից հետո այլևս ոչինչ ինձ չի զարմացնում»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան