ԿԳՄՍ նախարարի խորհրդականը միաժամանակ ԱԱԾ աշխատակից է, Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձեւավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։ Վերջերս ձեւավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը եւ կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի եւ այլն։
Բագրատ սրբազանը մտադիր է նաեւ քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձեւավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։
Այսպիսով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերևս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, համաձայն իր ստացած եկամուտների, վարձատրվում է նաև ԱԱԾ-ից։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախարարությունից ստանում է տարեկան 6 մլն 250 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 2 մլն 139 հազար դրամ։
Ինչպես է 2 պետական հիմնարկում միաժամանակ աշխատում Նարեկ Արաքսման-Մանուկյանը` դժվար է պատկերացնել, քանզի դա ոչ միայն օրենքն է արգելում, այլև տարածությունը և ժամանակը։
Նարեկ Արաքսման-Մանուկյանի անունը հանրությանը հայտնի դարձավ լրագրողի` ԱԱԾ-ում հավաքագրելու փաստից հետո։ Հիշեցնենք, որ 2014-ին Հրայր Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը պահանջում է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար` սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ «հետևանքներ»:
«Ո՞նց ես պատկերացնում` պետությանը «չէ» ասողը հետո այդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։
ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ «հետևանքներն» իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մանրամասներ իմանալ, թե ինչպես է նախարարի խորհրդականը, բացի ԿԳՄՍՆ-ից, աշխատանքի վարձատրություն ստացել նաև ԱԱԾ-ից։ Նախարարությունից հորդորեցին լիարժեք պատասխանի համար հարցում ուղարկել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովը նկատել է այս անհամատեղելիությունը, թե ոչ` չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ որոշ պաշտոնյաների սխալների վրա շարունակ աչք է փակվում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբեւէ նման հանդիպում է ունեցել։ Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»: Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն` անունը դնելով քաղաքացիների բողոքներ։
Հիշեցնենք․ գրել էինք, որ Բագրատ սրբազանին Կապանում լավ ընդունելության արժանացնելու պատճառով Փարսյանը հայտնվել է իշխանության թիրախում, եւ ՆԳ նախարարն ամեն ինչ անելու է, որ «գործ տվողների» հետ հանդիպի։