Ցեղասպանություն Արցախում. պատմության նոր դաս, թե՞ գործողության կոչ  

Ցեղասպանություն Արցախում. պատմության նոր դաս, թե՞ գործողության կոչ  

Պատմությունը հաճախ կրկնվում է, ինչը թույլ է տալիս կանխատեսել և ժամանակին կանխել ողբերգական իրադարձությունները: Այսօր հայ ժողովրդի առջև կրկին կանգնել է նրա գոյության հարցը։ 1915թ. իրադարձություններին նախորդած տարիները բերեցին այն ողբերգությանը, որը մենք մի դար է հիշում ենք, բայց, փաստորեն, հետևություններ այդպես էլ չարեցինք: Վստահ կարող ենք ասել, որ այսօրվա իրողություններում Բաքվի և թուրքական ղեկավարության գործողությունները հետևողական են ու կանխատեսելի. Արցախում 44-օրյա պատերազմից հետո թուրքական և ադրբեջանական կառավարությունները բացահայտ սպառնում են հայ ժողովրդին նոր ցեղասպանությամբ, ինչին ոչ միայն միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի արձագանքում, ինչպես հարյուր տարի առաջ չարձագանքեց, այնպես էլ մենք, փաստացի, պատրաստ չէինք։ 
1915-ի և 2020-ի անպատժելիությունը հանգեցրեց Արցախի 120 000 բնակչության լիակատար շրջափակման, որն ուղեկցվեց հումանիտար, տնտեսական ճգնաժամով: Արդեն գրանցվել է սովամահության առաջին դեպքը…. 

Ինչո՞ւ պատմության դասերը ոչինչ չեն սովորեցնում և ինչի՞ կարող է հանգեցնել պատմության ցիկլայնության անտեսումը. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի հետ:

«Մենք պատմությունից, որպես կանոն, դասեր ճիշտ չենք քաղում: Տարբեր ներքին և արտաքին քարոզչության արդյունքում երբեմն այդ դասերի արդյունքները լղոզվում են: Պատմությունը չի եզրափակվում անցյալը ուսումնասիրելով: Մենք պատմությունից գիտենք, որ թուրքական տարրը, երբ 11-րդ դարից հայտնվեց առաջին անգամ մեր տարածաշրջանում, որևէ փուլում մեզ հետ հաշտ և համերաշխ չի եղել: Այո, խաղաղություն բոլորն են ուզում, բայց միայն խոսքով թշնամին մեզ այդ խաղաղությունը չի տալու: Խաղաղությունը բալանսավորված ստատուս-քվոյի և ուժերի հարաբերակցության որոշակի պայմաններում է ստեղծվում»,- նշեց Հովհաննիսյանը:

Պատմաբանը նշում է, որ նույնիսկ դարեր անց թուրքական կառավարության ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել՝ լինեն դրանք օսմաններ, լինեն երիտթուրքեր, թե հանրապետականներ: Ազգային շահը, Թուրքիայի քաղաքականությունը մնում է անփոփոխ. ինչպես դարեր առաջ դրվել է Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը, այնպես էլ մինչ օրս Թուրքիան փորձում է վերջնականապես հասնել դրան իր քաղաքական նախագծի՝ Ադրբեջանի միջոցով ։ 

Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչու են դիվանագիտության գերիշխանության դարում կառավարությունները դիմում էքստրեմիստական մեթոդների, այս դեպքում ՝ ցեղասպանության «Եթե դարեր առաջ ցեղասպանություն է եղել մարդկանց զանգվածի ֆիզիկական ոչնչացումը, ապա մեր օրերում գոյություն ունի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից: Կոնվենցիայում մի կետ կա, որն ասում է հետևյալը․ «Ցեղասպանություն է համարվում նաև որևէ խմբի համար միտումնավոր ստեղծած այնպիսի պայմանները, որոնք ուղղված են մարդկանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչինչացման: Ցեղասպանության դրսևորում է նաև մարդկանց հոգեբանական սթրեսի ենթարկելը, որը բերում է հիվանդությունների, մահի»: Կոնվենցիայում կա նաև դրույթ այն դիտավորյալ գործողությունների մասին, որոնք ուղղված են միջավայրում երեխա ունենալը կանխելուն: Սա էլ է ցեղասպանություն է», - շեշտեց Հովհաննիսյանը: 

Հայ իրավաբանները, նրա կարծիքով, պետք է հավաքեն ցեղասպանության կատարման բոլոր ապացույցները և ներկայացնեն միջազգային դատարաններ։ Չէ որ այսօր արդեն արձանագրվել են Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ իրականացված ցեղասպանության բազմաթիվ փաստեր։ Իսկ նույն Կոնվենցիան ասում է, որ պատասխանատվության են ենթարկվում նաև նրանք, ովքեր ուղղակիորեն կամ հրապարակայնորեն հրահրել են ցեղասպանությունը, տվյալ դեպքում՝ Թուրքիան:

Գեղեցիկ Մանուկյան