Երկու գյուղին մեկ դպրո՞ց․ ինչո՞ւ են Ջրահովիտի բնակիչները ճանապարհ փակել

Երկու գյուղին մեկ դպրո՞ց․ ինչո՞ւ են Ջրահովիտի բնակիչները ճանապարհ փակել

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե Արարատի մարզի Ջրահովիտ վարչական շրջանի բնակիչները փակել են ճանապարհը։ Պատճառն էլ այն է, որ որոշվել է փակել գյուղի դպրոցը և նորը կառուցել հարևան վարչական շրջանի՝ Արևաբույրի հետ։   

Ջրահովիտի բնակիչներին տեղեկացրել են, որ համայնքում գործող միակ դպրոցը վթարային է, ու նոր դպրոց պիտի կառուցվի, սակայն հարևան Արևաբույրում։

Մինչ բնակիչներն իրենց մտահոգություններն են հայտնում, Ջրահովիտի վարչական ղեկավարը շտապում է հերքել այդ լուրերը։

«Նման բան չկա, մարզպետի ու մեր քաղաքապետի հետ հանդիպել ենք բնակիչներին, խոսել նրանց հետ, բացատրել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Մարդիկ սխալ են հասկացել ամեն ինչ։ Հիմա իրենցից չորս օր ենք խնդրել, որ  հասկանանք՝ ինչ է լինում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ջրահովիտի վարչական ղեկավար Կարեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ դեռ պիտի արվեն՝ պարզելու՝ արդյո՞ք շենքը վթարային է, թե ոչ։

«Դրանից հետո պարզ կդառնա՝ նոր մոդուլային դպրոց կառուցելու խնդիր կա, թե՞ սա պիտի ամրացնենք։ Եթե նորը կառուցվի, ապա աշակերտները կշարունակեն սովորել այս դպրոցում, մինչ նորը պատրաստ կլինի դիմավորել իրենց։ Եթե ոչ, կհասկանանք, բայց այլ համայնք գնալու խնդիր չի լինելու»,- վստահեցրեց Կարեն Ռուբինյանը։

Նշենք, որ բնակիչները բողոքում են, որ երկու գյուղերը կապող երկու ճանապարհ կա, որոնցից մեկը գերեզմանոցի մոտով է անցնում, իսկ մյուսը խոշոր ջրատարի վրայով, որում բազմաթիվ մարդիկ են խեղդվել:

Նարե Գնունի