Իշխանությունը փոշմանել է, Արփին էլ անմեղ «աղավնի» չէ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն Կառավարության հարեւանությամբ վարձակալած շենքը, որը վերանորոգումներից հետո պետք է ծառայեցներ որպես կուսակցության գլխավոր գրասենյակ, հետ է վերադարձրել պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հայտնեց ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Տեղեկացանք նաեւ, որ շենքն աճուրդի է հանվելու:
ՔՊ-ն նոր գրասենյակը վարձակալել էր դեռ 2022 թվականին՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքում, որը «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի եւ ՀՅԴ գրասենյակի հարեւանությամբ էր: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
ՔՊ-ից ArmLur.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարության հարեւանությամբ գտնվող շենքի ամսական վարձավճարը 3,990,000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար:
Ամիսներ շարունակ վերանորոգումից հետո, փաստորեն, իշխանությունը փոշմանել է ու չի տեղափոխվի նոր գրասենյակ:
Փոխարենը ՔՊ-ն վերանորոգել է Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակը»:
«Հրապարակը» գրում է․ Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին թիմին վնասելով։ Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են պետք է հեռացվեն կուսակցությունից:
Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Թիմում այս խմբակի պահվածքը տարակուսանքի տեղիք է տվել, չէ՞ որ այս զանգվածն էր ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր, փաստորեն, դեմ են, որ այդ մասին անգամ քննարկեն։ Ոմանք դավադրապաշտական թեզեր են առաջ քաշում, թե գուցե սորոսականները դեմ են, որ կոռուպցիան քանդի նիկոլական թեւը, եւ իրենք ամբողջ թիմով գան իշխանության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու:
Այն կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը:
Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին էլ հավաքվում են, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարի վերաբերյալ:
Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ այս օրերին քննարկումների ու վերադասավորումների փուլում են, պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ. ուստի առաջիկայում ընդդիմությունը կրկին վերսկսելու է փողոցային պայքարն ու հանրահավաքները»:
«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական «կոռուպցիոներների» եւ հատկապես՝ Երեւանի քաղաքապետի դեմ եւ հայտարարություններ արել: Մանավանդ՝ ԱՆԻՖ-ի թեման է արծարծել, պահանջելով գոնե թիմին հայտնել, թե ովքեր էին մեղավոր, որ բյուջեից այդքան գումար վատնվեց։ Մեզ պատմեցին, որ Դավոյանն այդ զեկույցից հետո ինքն է հայտնվել ոմանց թիրախում:
Որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել, որ փողատերերի ու ինչ-որ կասկածելի շրջանակների հետ է շփվում եւ դրա արդյունքում առանձնատուն է ձեռք բերել՝ լողավազանով, որն իր անունով չի գրանցել, բայց հաճախ է լինում այնտեղ: Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա։