Ուսումնական բեմից հայհոյանքներ այսուհետ չեն հնչելու․ թատերականի ռեկտոր

Խայտառակություն է, չեղած տեղից ինչ են սարքում։ Այդ մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով Է․ Կոստանյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման ցուցադրման արգելքին։ 

Նա նշեց, որ բեմադրությունը չի էլ նայել։

«Այստեղ ներկայացում նայել-չնայելու խնդիրը չի։ Ես չեմ նայել ու լավ է, որ չեմ նայել, քանի որ չեմ ուզում իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել։ Կուրսային աշխատանքը երկու անգամ խաղալուց հետո ինձ զանգ են տվել ու վրդովմունք հայտնել, որ մեր բեմում նման բան է ցուցադրվել։ Երկու օր անց ես հրավիրել եմ ռեկտորատի նիստ, որին մասնակցել են բոլոր կուրսերի ղեկավարներն ու ռեկտորատի անդամները։ Հարցն այն էր, որ ուսումնական հաստատության բեմում չպետք է հնչեն հայհոյանքներ»,- նշեց նա։

Լիլիթ Արզումանյանն ընթերցեց ռեկտորատի որոշումը, որտեղ նշված էր, որ հիմք ընդունելով Ն․ Ծատուրյանի երրորդ կուրսի «Որբանոց» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները, որոշվել է անընդունելի համարել ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նմանատիպ արտահայտություններ հնչեցնելը։

«Չեմ կարծում, որ դա գրաքննություն է։ Եթե այսօր որևէ մեկը կգտնվի ու կասի, որ սա նորմալ որոշում չէ, թող գա, ասի։ Ես այդ արտահայտությունները չեմ ուզում հնչեցնել»,- նկատեց ռեկտորը։
Դիտարկմանը, որ ստեղծագործությունում կա քաղաքական ենթատեքստ, արդյո՞ք դա է կաշկանդել ռեկտորին, նա նշեց՝ ոչ։

«Նման արտահայտություններն են մեզ համար անընդունելի։ Խոսքը ուսումնական թատրոնի մասին է։ Ավելի ազատամիտ չլինեք, քան ես իմ կյանքում։ Այլ թատրոնների բեմերից ինչ ուզում են, թող անեն։ Խոսքը ուսումնական թատրոնի մասին է։ Ես նախարարությանը խնդրել եմ փակ դիտում անել, լրագրողներն էլ կգան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։