Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի վարչապետն են հանդիպել․ ի՞նչ են քննարկել

Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Հայտնել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նա կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է: