Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները, Ինչու սրբազանը. Մամուլը՝ սուրճով

Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները, Ինչու սրբազանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։

 Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի ուշ սրբագրեց ելույթը՝ լրագրողներին հայտարարելով, որ ոչ թե սպառնացել է, այլ ասել է․ «Բա որ մենք էլ անենք»։

ՔՊ-ում նրա երեկվա ելույթի բացատրությունն ունեին, ասում էին, որ նա «կասկածյալների» շարքում է, ովքեր կարող են լքել իշխանական նավը եւ հայտնվել բարիկադների մյուս կողմում, եւ Սուքիասյանը փորձել է փարատել այդ կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ՔՊ-ում Սուքիասյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա: Ոմանք կարծում են, որ նա իրենց «վերեւից է նայում», «նիստերին դասատուի դեր է ստանձնում», չի գրանցվում հարցեր տալու կամ ելույթներ ունենալու համար, իսկ վերջում արտահերթ ելույթի ձայն է խնդրում՝ նյարդայնացնելով իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։

Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։

ՎԶԵԲ տարեկան հանդիպման, գործարար համաժողովի եւ ֆորումի ընթացքում, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ Հայաստանը գրանցել է 30% տնտեսական աճ։ Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ այս երեւույթը տնտեսության մեջ անվանում են «փրփուր», եւ «փրփուրների» ավելացմամբ տնտեսական աճով հպարտանալ պետք չէ։

Ստացվում է, որ փրփուրներից կախված Նիկոլ Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, այսօր ե՛ւ մասնատում է Հայաստանը, ե՛ւ կուտակել է ահռելի պետական պարտք ու շարունակում է կուտակել՝ միաժամանակ հարստացնելով թիմակիցերին:

Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերից Հայաստանի ՀՆԱ-ն կայուն անկում է գրանցում, եւ, ըստ տնտեսագետների, Հայաստանի տնտեսական աճի դինամիկան պահում են միայն առեւտուրը եւ առեւտրաշրջանառությունը, որի դադարը ճակատագրական կլինի Հայաստանի համար։»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։ 

Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։

Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքում որեւէ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս չի ձեւավորվել, պարզվել է, որ միայն սրբազանի անձի հետ կապված չկան տարաձայնություններ, ուստի նա ստիպված է եղել համաձայնել իր առաջադրմանը։