Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` մարդասիրական իրավունքի, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին»,- հայտարարեց տիկին Թոմաս–Գրինֆիլդը։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային խոչնդոտների։
«Պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։ Մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայացքները հառել են մեզ այս դժվարին պահին»,- ասաց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նա նաև նշեց, որ ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։
Ներկայացուցիչը կարևոր համարեց միջազգային առաքելության կազմակերպումը, որը, ըստ նրա, վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն` Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։